ԱՄՆ նախագահի հայտարարությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ

Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի տարիներին, ես ցանկանում եմ հայտնել մեր անսասան համերաշխությունը յուրաքանչյուր ամերիկահայի և աշխարհասփյուռ հայությանը։

Մարդկության պատմության այս սթափեցնող գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն։ Մենք մեծարում ենք հայերի դրսևորած խորը ուժն ու վճռականությունը՝ հաղթահարելու անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելու ավելի մեծ ապագա, որը բնորոշվում է տևական բարօրությամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ։

Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ հայ ժողովրդի համար նշանակալի հնարավորություններ ստեղծելով և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև կայունություն խթանելով։ Եվ հիմա ամերիկացիներն ու հայերը կողք-կողքի կանգնած են պատմական Խաղաղության խորհրդում՝ միավորված մեր նպատակի շուրջ՝ ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան սկսելու հարցում։

Հայոց հիշատակի այս օրը, երբ մենք սգում ենք Մեծ Եղեռնի ողբերգության ժամանակ զոհված անմեղ հոգիների համար, մենք վերահաստատում ենք մեր սուրբ կոչը՝ պաշտպանելու անմեղներին, առաջ մղելու բոլոր ժողովուրդների միջև խաղաղության գործը և մշակելու խորը երկյուղածություն Ամենակարող Աստծո հանդեպ, ով զորավիգ է լինում մեզ յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ժամանակ։