Հայտնում եմ, որ X սոցիալական հարթակում որոշ օգտահաշիվների կողմից տարածվում է կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում է կատարել՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։
Այս պնդումը հիմնավոր չէ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նման բովանդակությամբ քննարկում չի եղել։ Տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
Նշված պնդումն ունի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI-ի բնորոշ հատկանիշներ։ Մասնավորապես, դրա տարածման մեթոդաբանությունը՝ X հարթակում մի շարք օգտահաշիվների կողմից նույնաբովանդակ կամ փոխկապակցված ձևակերպումներով ամպլիֆիկացված տարածումը, չստուգված աղբյուրի վրա հիմնված պնդման շրջանառումը, դիտարկվում է որպես համակարգված տեղեկատվական մանիպուլյացիայի փորձ։
Հորդորում եմ լրատվամիջոցներին, հանրային դերակատարներին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից, հատկապես այն դեպքերում, երբ դրանք վերաբերում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային կայունությանը։