Գյումրիի և Ուջանի միջև ճանապարհի հատվածում կսահմանափակվի երթևեկությունը

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթի կապակցությամբ՝ ժամը 08:00-ից կսահմանափակվի երթևեկությունը Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։

Այս հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։ «Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակիցների տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից ավտոկայանատեղի։

Ժամը 17:00-ից երթևեկության սահմանափակումը կտարածվի նաև Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում։

Ավտոերթի մասնակիցներին խնդրում են պահպանել անվտանգության և ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների միջև պահպանել անվտանգ միջտարածություն, հետևել ոստիկանության ծառայողների ցուցումներին և ճանապարհային նշաններին։

ՀՀ ՆԳՆ-ն խնդրում է ապրիլի 19-ին՝ ժամը 08:00-ից 14:00-ն նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։