Երիտասարդական ակումբների դաշնության կողմից իրականացվող «Արդար քվե» դիտորդական առաքելությունը ներկայացնում է հունիսի 7-ի ընտրություններին կատարած մեր դիտարկումների արդյունքները։ Մեր առաքելության հիմնական նպատակը եղել է ոչ միայն արձանագրել ընտրական գործընթացի ընթացքում առկա խախտումները, այլեւ խթանել քաղաքացիական կրթությունը եւ երիտասարդների ակտիվ մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին։
Ընտրությունների ամբողջ ընթացքում մեր դիտորդական առաքելությունը ստացել եւ արձանագրել է տասնյակ ահազանգեր եւ տեղեկություններ՝ տարբեր ընտրատեղամասերից։ Այս հաղորդումները վերաբերում էին ընտրողների նկատմամբ ազդեցության փորձերին, ուղղորդումներին, դիտորդների աշխատանքի խոչընդոտմանը, քարոզչության արգելքի հնարավոր խախտումներին, վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերին, ինչպես նաեւ՝ ընտրական գործընթացի կազմակերպման հետ կապված մի շարք խնդիրների։ Բոլոր դեպքերը մանրամասն փաստաթղթավորվել են եւ բազմաթիվ դիմում-բողոքներ ուղարկվել են ԿԸՀ։
Մեր առաքելության կարեւորագույն ձեռքբերումներից էր երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը։ «Արդար քվե» նախաձեռնության շրջանակում ավելի քան 360 երիտասարդ դիտորդներ իրականացրել են ընտրական գործընթացի մշտադիտարկում՝ դառնալով ոչ միայն դիտորդներ, այլեւ քաղաքացիական պատասխանատվության եւ մասնակցային ժողովրդավարության կրողներ։
Մեր աշխատանքի հիմնական նորարարությունը Երիտասարդական ակումբների դաշնության կողմից ստեղծված youthvote.live առցանց հարթակն էր, որը հնարավորություն տվեց իրական ժամանակում հավաքագրել, քարտեզագրել եւ հանրայնացնել ընտրական գործընթացին վերաբերող ահազանգերն ու դիտարկումները։ Այս գործիքը բարձրացրեց գործընթացի թափանցիկությունը եւ ստեղծեց արդյունավետ հաղորդակցության միջավայր քաղաքացիների, դիտորդների եւ հանրայինության միջեւ։
Առաքելության հիմնական գործառույթը խախտումների անկախ դիտարկումն ու փաստագրումն է։ Արձանագրված դեպքերի վերաբերյալ մենք ներկայացնում ենք դիմումներ եւ հաղորդումներ համապատասխան կառույցներին, պահանջում ենք իրավական գնահատական եւ հրապարակայնացնում ենք մեր եզրակացությունները։ Ընտրություններից հետո պատրաստվում է ամփոփ զեկույց, որը կներառի ինչպես արձանագրված խնդիրները, այնպես էլ ընտրական գործընթացի բարելավման վերաբերյալ առաջարկություններ։
Միաժամանակ, մենք մտահոգությամբ արձանագրել ենք հանրային խոսույթում տարածված այն մոտեցումները, որոնց շրջանակում արտերկրում բնակվող կամ Հայաստանից երկար ժամանակ բացակայած քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի ներսում ապրող քաղաքացիները, փոխադարձաբար արժանացել են նսեմացնող եւ վիրավորական վերաբերմունքի։ Ժողովրդավարական ընտրությունների հիմքում ընկած է յուրաքանչյուր քաղաքացու հավասար արժանապատվությունը, եւ որեւէ ընտրող չպետք է ենթարկվի խտրական վերաբերմունքի իր բնակության վայրի, քաղաքական հայացքների կամ ընտրության պատճառով։