Իմ համար այսօր ավելի գերադասելի թեկնածու է Ռոբերտ Քոչարյանը, քան Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, ավտորիտարիզմի, անհանդուրժողականության եւ ընդդիմախոսների նկատմամբ ագրեսիվության հարցերով նրանք իրար նման են։ Բայց Փաշինյանը տարբերվում է բոլորից՝ նա մեր պատմական, աղետալի ձախողումների «հեղինակն» է։
Բացի դրանից, Քոչարյանը երբեք չի դիմի լկտի, խուլիգանական քայլերի՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցուն։ Որեւէ կուսակցության ծրագրում, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, չկա կաթողիկոսին հեռացնելու անօրինական, հակասահմանադրական կետը։ Իմ համար այդ հարցը սկզբունքային նշանակություն ունի։
Այդքանով հանդերձ՝ չեմ կարող չարձանագրել, որ այսօր Քոչարյանը ձգտում է ինքնահաստատվել այլ ընդդիմադիրների հաշվին, եւ այդ վարքագիծը բավականին մանր է թվում։ Իմ պատկերացմամբ՝ երկրի նախկին ղեկավարը պետք է զերծ մնա հետին թվով հարաբերություններ պարզելու կամ դրանք «շտկելու» գայթակղությունից։ Չեմ կարծում, մասնավորապես, որ 2008 թվականին Քոչարյանն իր «իրավահաջորդին» ընտրելու լայն հնարավորություններ ուներ։ Եթե հիմա նա իր այդ դիրքորոշման համար մեծ ափսոսանք է ապրում, ապա պետք է նաեւ ասի, թե, այսօրվա փորձից ելնելով, ո՛ր թեկնածուին է նա ավելի արժանի համարում։ Իհարկե, եթե ընդհանրապես նման «պատմական ռեկոնստրուկցիայի» որեւէ կարիք կա։
Ճիշտն ասած, երբ վերջին ամիսներին ես տեսնում էի ՀՀԿ անդամների եւ այդ թիմին մոտ կանգնած մարդկանց գրառումները՝ ուղղված Քոչարյանի դեմ, փոքր-ինչ տարակուսում էի՝ արդյո՞ք դրա ժամանակն է։ Բայց հիմա (երբ երկրորդ նախագահը խոսեց իր «սխալի» մասին) մտածում եմ, որ դա գուցե պատասխան է «քոչարյանական» կողմի քարոզչության, որի դրսեւորումներն ինձ ավելի քիչ են հայտնի։ Որքանով տեղյակ եմ՝ Քոչարյանին սատարող դաշնակցականներն, ի պատիվ իրենց, այդ ամենին չեն մասնակցում։ Կարծում եմ, այդ կուսակցությունը կարող է օգտագործել իր հեղինակությունը՝ փոխադարձ խայթոցներին վերջ տալու համար։
Քոչարյանը հիմնականում արդարացիորեն է քննադատում ներկա իշխանությունների քաղաքականությունը։ Հրաշալի կլիներ, եթե նա, ինչպես եւ բոլոր մնացած ընդդիմադիրները, կենտրոնանար այս վերջին 8 տարվա վրա, քանի որ հիմա առաջնահերթ խնդիրը պետության այս մահաբեր ընթացքը կանգնեցնելն է։ Իսկ ինչ է եղել դրանից առաջ… դա կարելի է թողնել հետագա քննարկումների համար։
Ինչո՞ւ պետք չէ հիմա խորանալ վաղ եւ ոչ վաղ անցյալի մեջ։ Կարծում եմ, այդ հարցի պատասխանը պարզ է՝ ընդդիմադիր ընտրազանգվածը մոբիլիզացնելու համար։ Պարզ օրինակ բերեմ։ Քոչարյանն ասում է, որ ազնվորեն, առանց պետական լծակներն օգտագործելու, ինքը 1998 թվականին հաղթել է Կարեն Դեմիրճյանին՝ բերելով այդ փաստարկը, որ այն ժամանակ իր մրցակցին էին պաշտպանում, այսպես կոչված, «կարմիր տնօրենները», որոնցից ոչ մեկն այն ժամանակ չհետապնդվեց ու չձերբակալվեց։ Բայց հազարավոր քաղաքացիներ, այդ թվում նաեւ ես, դրա հետ համաձայն չենք։
«Կարմիր» եւ «ոչ կարմիր» բուրժուաները, ինչպես ցույց է տվել Հայաստանի այս երեք տասնամյակների պատմությունը, հեշտությամբ հարմարվում են ցանկացած իշխանությանը, նրանք միշտ կանգնում են ուժեղի կողքին, որովհետեւ դողում են իրենց հարստության, իրենց բիզնեսների համար։ Իսկ ուժեղը 1998 թվականին նրանք էին, ովքեր փետրվարին իրականացրել էին պալատական հեղաշրջումը։ Քոչարյանի ընտրությանն ակտիվորեն աջակցում էին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը եւ ՆԳ, եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։ Քոչարյանական էր պետական հեռուստատեսությունը, որի «Հայլուրը» հօգուտ նախագահի պաշտոնակատարի (այսինքն՝ Քոչարյանի) ագրեսիվ քարոզչություն էր տանում։ Այլընտրանքային տեղեկատվության հզոր միջոցներ՝ սոցցանցեր, կայքեր այն ժամանակ չկային։
Փաշինյանի հեռացումը ցանկացող քաղաքացիների մի մասն այդպես է տեսնում այն ժամանակվա իրադարձությունները, մյուս մասը՝ գուցե այլ կերպ։ Բայց մի՞թե հիմա ժամանակն է՝ այս երկրորդական հարցերով բաժանարար գծեր փնտրելու։
Կարծում եմ, բոլորս պետք է սրտանց ցանկանանք, որ «Հայաստան» դաշինքն անցնի 8 տոկոսանոց շեմը, որովհետեւ կասկած չկա, որ այդ ուժը չի համագործակցի Փաշինյանի հետ։ Այս պահին դա՛ է կարեւորը։