Երևանը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ իշխանության պահպանման համար

Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը հիշեց նմանատիպ միջոցառումների «Եվրատեսիլի» քաղաքական տարբերակը, վերջնականապես արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանի և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության (ՔՊ) իշխանությունը կատարել է իրենց 2021 թվականի խոստումը՝ «Անջատում՝ հանուն փրկության» կարգախոսը։

Այս սկզբունքը, որը ՔՊ-ն 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ներկայացնում էր որպես Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջոց, երկու օր առաջ կիրառվեց իշխանության պահպանման նպատակով։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, որտեղ իշխանությունը զբաղեցնողները լսեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հայտարարությունը՝ «սեպարատիզմի» վերացման և «պատերազմի հանցագործների» նկատմամբ «արդարադատության» մասին, նրանցից առաջին համարի ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն չհակադրվեց այդ հայտարարությանը, այլև շնորհակալություն հայտնեց դրա համար։

Այդ շնորհակալությունը, որը հնչեց գագաթնաժողովի դահլիճում, ողջ հայ հանրության և պետության շնորհակալությունն էր։ Որքան էլ իշխանությունը բռնազավթված և ավտորիտար լինի, դրա ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը համարվում է ողջ հանրության խոսք։

Ալիևին շնորհակալություն հայտնելով «սեպարատիստներից ազատագրելու» և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը որպես «պատերազմի հանցագործներ դատելու համար», Նիկոլ Փաշինյանը հայ հանրության հետ վարվեց այնպես, ինչպես նրա ամենալկտի մանկլավիկը՝ թքելով ոստիկանահրոսակախմբերով աքցանված հայ հասարակության երեսին։

Այս իրադարձությունից հետո հայ ժողովուրդը ունի մեկ, ընդամենը մեկ հնարավորություն՝ կիրառելու նույն՝ «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը՝ սեփական կյանքի և սեփական պետությունից դեռևս մնացած փշրանքների համար։

Հունիսի 7-ի ընտրությունն այլևս ընտրություն չէ՝ իշխանության ձևավորման համար։ Այն ընտրություն է իշխանության ազգային պատկանելությունը որոշելու մասին։ ՔՊ-ի իշխանության պահպանումը նշանակելու է, որ հունիսի 8-ից սկսած Հայաստանում արդեն պաշտոնապես հաստատվելու է Ադրբեջանին ենթակա իշխանություն։ Այդ իշխանությունը չի սահմանափակվելու միայն ադրբեջանական նվաստացումների համար երախտիքներով, այլ նաև այստեղ, Հայաստանում, կդատի անցած բոլոր պատերազմների մասնակիցներին։

Այս պահին հնչում է սատանայական, բայց մի օր այդ իշխանությունը պղծելու է նաև «Եռաբլուրը», որտեղ հանգչում են հայ ժողովրդի հերոսները, ովքեր, սակայն, երկու օր առաջվա շնորհակալությունից հետո վերածվեցին «սեպարատիստների» ու «պատերազմի հանցագործների»։

Թույլ տալ ՔՊ-ի իշխանության վերարտադրությունը, նշանակում է կանաչ լույս վառել «Եռաբլուրի» պղծման համար։