Ընտրություն՝ որպես ուխտիրոք

Առաջիկա կիրակի ընտրությունները հայտնի են ավելի շատ, քան պարզապես քաղաքական իշխանություն ձևավորելու հարցում։ Սա գոյապահպանության ընտրություն է։ Տեսակի, արժեքների, սկզբունքների, կյանքի որակի, արժանապատվության ընտրություն է։ Թացը չորից տարբերելու, կեղծիքն ու իրականությունը տարբերակելու, ստախոսությունն ու արդարամտությունը հստակ դասավորելու ընտրություն է։

Այս ընտրությամբ մենք ոչ թե նոր իշխանություն ենք բերում, այլ հեռացնում ենք եղածին։ Նախկին կարող է լինել նաև այսօրվա իշխանությունը, և «նախկիններ» ասելով՝ արդեն չենք կարողանալու հստակ հասկանալ, թե ում մասին է խոսքը։ Արդեն գալու են այլ ածականներ, օրինակ՝ հաղթողներ և պարտվածներ, ազգայիններ և ազգակործաններ։ Իրերը կոչելու ենք իրենց անուններով և դառնալու ենք առավել պահանջատեր, որպեսզի չկորցնենք գոնե այն, ինչ դեռևս ունենք։

Ընտրության պետք է գնալ, ինչպես ուխտի։ Առանց վարանման, առանց վախի, հույսով և վստահությամբ պիտի գնանք ընտրության։ Կարևոր է հիշել, որ եկել է մեր խոսքն ասելու պահը։ Ընտրության չգնալ նշանակում է հրաժարվել հայ լինելու և հայ մնալու պատվից։ Դա ամոթ է, դա այն է, ինչ ուզում է մեր թշնամին՝ ներքին և արտաքին։

Իրականում մենք հունիսի 7-ին ենք պահելու կամ հանձնելու Արցախը, քանի որ հիշողությունն ու նվիրումը ուրանալն ավելի ծանր է, քան ֆիզիկապես և թյուրիմացաբար մեր պապերի հողը կորցնելը։ Հունիսի 7-ին մենք որոշելու ենք՝ իրավունք ունե՞նք սիրելու Արարատը, քանի որ դա վիճարկվում է։ Հունիսի 7-ին մենք մեր երեխաների այբբենարանում վերադարձնելու ենք Մաշտոցի նկարը, քանի որ այսօր այն չկա։ Հունիսի 7-ին մենք նորից խոնարհվելու ենք ցեղասպանության զոհերի առջև ու կանթեղը վառ ենք պահելու, քանի որ անհիմն չեն կասկածները, թե, ինչպես թեկնածուներից մեկն է ասում, «բուլդոզերը գցելու են ու քանդեն» մեր հարգանքի հուշարձանը՝ առանց աչք թարթելու։ Հունիսի 7-ին մենք որոշելու ենք, թե ինչ կերպարանք, ինչ խոսք, ինչ միտք, ինչ տեսք պետք է ունենա հայ մարդը։

Սա իրականում ոչ մի կերպ իշխանության ձևավորման հարց չէ։ Սա, ինչ-որ իմաստով, նոր աշխարհի արարումն է՝ մնալ հայ, թե՞ դառնալ մի նոր կովկասյան ժողովուրդ՝ առանց անցյալի, առանց պատմության, առանց հիշողության ու իղձերի, ինչ-որ նոր մի բան՝ մանկուրտ, ոչ հայ։ Այսօրվա իշխանությունները որոշել են փոխել ու ձևավորել նոր հայ՝ թուրքին սիրող, Արարատը չսիրող, անցյալը հերքող, Արցախը ուրացող, պարտությունը հաղթանակ համարող ու 10 000-ի համար իրեն կուռքեր կարգող նոր հայի տեսակ։ Բայց մենք 1000-ավոր տարիներ ճանապարհ ենք անցել՝ ոչ այս լուսավոր դարում այդպես անպատվաբեր՝ ոչնչանալու համար։

Մենք չենք ընտրում ոչ թագավոր, ոչ ամենափրկիչ և ոչ էլ Աստված։ Մեզ համար կուռքեր այլևս չենք փնտրում։ Ուղղակի եկել է պահը, երբ պետք է կարողանանք գնահատել, որ անցել է «հեղափոխական բերկրանքը», անցել է «հետպատերազմական մանթրաժը», անցել է ինքնախարազանման, ինքնաոչնչացման ու ինքնահերքման ճգնաժամը, և եկել է սթափ որոշման պահը։ Նաև սա է՝ որոշման համար պատասխանատվություն վերցնելու պահը։

Ովքեր այսօր մեզնից մանդատ են խնդրում, նրանք բոլորն ունեն իրենց պահարաններում կմախքներ՝ ունեն սխալներ, գուցե նաև՝ ծանր սխալներ։ Բայց ոչ բոլորն ունեն հազարավոր երախտավոր զոհերի կմախքներ ու նրանց վաստակի ուրացում։ Միայն մեկն է, որ ոչ թե ցավ, այլ հրճվանք է ապրում հայրենի հողը բզկտելով՝ սահմանազատման անվան տակ, քարտեզը փոխելով, փոքրացնելով ու դա ճակատին խարանած՝ հպարտանալով։ Այն, ինչ ցավ է, նրանց հաճույք է պատճառում, ու միայն մեկն է, որ այս ամենի ֆոնին ինքնամոռաց պարում է ու բաժանում կեղծ սրտիկներ ու եղծ քարտեզներ։

Այդպիսին է միայն մեկ ուժ։ Հունիսի 7-ին պիտի որոշենք՝ մենք համաձա՞յն ենք շարունակել այս ամոթալի կրկեսը, ծաղրը մեր ապրած կյանքի ու մեր ինքնության նկատմամբ։ Հունիսի 7-ին պետք է հիշենք, որ թեկնածուներից ոչ բոլորն ունեն թշնամու կողմից հավանություն և աջակցություն։ Դա ունի միայն մեկ ուժ, և հիմա պիտի մեր ընտրությամբ տարբերվենք թշնամուց։