Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լատվիային՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությանն աջակցելու համար։ Նա նշել է, որ այս աջակցությունը և ԵՄ-ի հետ առաջին գագաթնաժողովի անցկացումը պատմական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Վարչապետը նաև ընդգծել է Լատվիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանը։
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ այս այցը նախագահական մակարդակով առաջինն է 2009 թվականից ի վեր՝ 17 տարվա ընդմիջումից հետո։ Նա նշել է, որ Լատվիան Հայաստանին համարում է լավ ընկեր և գործընկեր՝ թե՛ երկկողմ համագործակցության, թե՛ ԵՄ-ի հետ գործընկերության շրջանակում։ Լատվիայի նախագահը ողջունել է Հայաստանի Եվրոպական ուղին ընտրելու որոշումը և վստահություն հայտնել, որ Լատվիան կօգնի այդ գործընթացում։
Զրուցակիցները մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ հատկապես առևտրատնտեսական ոլորտում, ինչպես նաև զբոսաշրջության և կրթության բնագավառներում համագործակցության ընդլայնման հարցերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացմանը։ Լատվիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը վիզաների ազատականացման գործընթացին՝ նշելով, որ այն կնպաստի նաև երկկողմ զբոսաշրջային կապերի ամրապնդմանը։
Բացի այդ, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանային նշանակության այլ հարցեր։