Որքան էլ այս օրերին մենք կենտրոնանանք քվեաթերթիկների հաշվարկի, սխալների ուղղման, մանդատների բաշխման և հետագա քայլերի վրա, որոնք, իհարկե, շատ կարևոր են, կա ընտրությունների մեկ այլ, գուցե ավելի էական կողմ, մեկ այլ արդյունք, որը պետք է խորապես վերլուծել։
Առաջինը՝ սոցիոլոգիան Հայաստանում չի աշխատում։ Բոլոր հարցումները, որոնք տարիների ընթացքում իրականացվել են, սխալ պատկեր են տվել իրականության։ Եվ դա սոցիոլոգների որակի խնդիրը չէ, նրանք շատերն իրենց ոլորտում բարձրակարգ մասնագետներ են։ Խնդիրն անազնիվ հասարակությանն է։ Մենք տոտալ խաբում ենք, անվստահություն ենք տածում միմյանց նկատմամբ, և այս վստահության ցածր պաշարը հասարակությանը զրկում է ցանկացած իսկական ձեռքբերումից։ Հանրային տրամադրությունների այլ ինդիկատորները, ինչպես նույնիսկ ընտրությունների արդյունքները, նույն պատճառով չեն արտացոլում իրականությունը։ Մենք չգիտենք՝ իրականում ինչ է ուզում և ինչի է ձգտում մեր հասարակությունը։ Սա լուրջ ներքին մարտահրավեր է, որը կարող է քանդել ցանկացած առողջ ընթացք։
Երկրորդը՝ պետք է ընդունել, որ Նիկոլ Փաշինյանը ազնիվ է եղել իր ձևակերպումներում։ Նա պարզապես ասել է՝ անկլավների հարցը լինելու է, զիջումների հարցը լինելու է, Սահմանադրության հարցը լինելու է։ Եվ հասարակությունը, այս ամենը լսելով, գնացել է և ձայն է տվել։
Երրորդը՝ Օրբան Չուխաջյանը մերժեց Բուդապեշտը։ Երևանը լսեց և տեսավ Նիկոլի բոլոր ասածներն ու պահվածքը և քվեարկեց նրա օգտին։ Փոքր կենտրոնի սրճարանային էլիտան ու մայրաքաղաքային մշակույթը քվեարկեցին դեստրուկցիայի, «կզցել-սատկացնել» թեզի օգտին։ Սա ևս պետք է արձանագրել։
Չորրորդը՝ այս պահին մենք ունենք երեք հայ միլիարդատերեր՝ Ռուբեն Վարդանյանը, Սերժ Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը, ովքեր Հայաստանի համար արել են հսկայական գործ, և հասարակության զգալի մասը ողջունում է նրանց բանտում պահելու օրակարգը։ Սա աննորմալություն է, հանրային անոմալիա։ Կառուցել-ստեղծելու օրակարգը պարտվում է քանդել-խլելու օրակարգին։ Որ ժողովուրդն է, որ պետությունը գնացել է այս ճանապարհով, պատմական փորձանքի է հասել։
Հինգերորդը՝ ընտրակաշառքը հասարակությանը դեգրադացնող ամենակեղտոտ բաներից մեկն է։ Ամոթ է, որ մեր երկրում նման մշակույթ կա, ինչն այս տեսքով երբեք չի եղել հարևան Վրաստանում։ Բայց եթե պնդում եք, որ եղել են ընտրակաշառքներ, 8 տարում ինչո՞ւ հնարավոր չեղավ ձևավորել ընտրակաշառք մերժող հասարակություն։ Դա հնարավոր կլիներ միայն, եթե զուգահեռ ջարդվեր բերովի հանրահավաքների և վարչական ռեսուրսի տոտալ կիրառման, հասարակությանն ուժային ու վարչական մեթոդներով տոտալ ճնշելու մշակույթը։
Վեցերորդը՝ մանդատներ, քաղաքական ուժեր՝ մի կողմ։ Մենք հիմա ունենք մի հասարակություն, որը չի ուզում և պատրաստ չէ ազնիվ խոսակցության։ Չեմ բացառում, որ այս պահին պարզապես ունակ չէ ազնիվ խոսակցության։ Ու տոտալ անվստահությունը կրում է համակարգային բնույթ՝ բոլոր մակարդակներում, բոլոր հանրույթներում։ Սա չափազանց լուրջ խնդիր է։
Վերջապես, յոթերորդը՝ Ադրբեջանի նախկին ԱԳՆ Թուրան Զուլֆուգարովի ձևակերպումը, թե «Երկաթյա բռունցքը 5 տարում բուժեց ՀՀ քաղաքացիների 50 տոկոսին, և պետք է շարունակել բուժումը», սահմռկեցուցիչ է իր էությամբ։ Իրական ընտրությունը այստեղ է. կա´մ մենք կբուժվենք, կա´մ մեզ կբուժեն։