Հայաստանի Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) համագումարում ներկայացվեց կուսակցության նախընտրական ցուցակը։ Ըստ ՀՀ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանի՝ այս ցուցակը ունի խորհրդանշական նշանակություն եւ ռազմավարական ուղղվածություն։
Նրա խոսքով՝ ցուցակը կազմվել է ոչ միայն որպես մրցունակ թիմ, այլեւ որպես 1988 թվականի հեղափոխական շարժման եւ այն հաջորդած սերունդների միջեւ անկոտրում կապի եւ շարունակականության խորհրդանիշ։ Զուրաբյանը նշեց, որ ցուցակում իր տեղն է գտել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը, ինչը, նրա կարծիքով, եւս մեկ անգամ ընդգծում է կուսակցության կողմից ժողովրդական շարժման անդադար շարունակությունը։
«Մեր կուսակցությունում ունենք Ղարաբաղ կոմիտեի երկու անդամ։ Մեկը՝ մեր կուսակցության հիմնադիր, նախագահ, ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը ղեկավարել է 1988-ից մինչեւ 1991 թվականներն ընկած շարժումները, եւ 2007-ից մինչեւ 2015 թվականներն ընթացած համաժողովրդական շարժումները։ Ես վստահ եմ, որ ստեղծելու ենք նաեւ երրորդ ալիքը»,- նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ այդ օրը «կգա»։
Նախընտրական ծրագրի հիմնական ուղղություններից մեկը, ըստ նրա, ինքնիշխան խաղաղության հաստատումն է, որը, նրա կարծիքով, ներկայիս իշխանությունների կողմից չի իրականացվում։ Զուրաբյանը նաեւ անդրադարձավ երկրորդ կարեւոր խնդրին՝ Հայաստանում հիբրիդային պատերազմի թույլ տրմանը։ Նա նշեց, որ այն համարվում է երկրի համար ամենամեծ վտանգներից մեկը՝ պայմանավորված ներկայիս իշխանությունների թույլ եւ օտարածին օրակարգերի սպասարկման վրա հենված լինելով։