Իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների հետաքննությունը և հետապնդումը պետք է իրականացվեն ոչ թե վարչապետի քաղաքական ցանկության, այլ Սահմանադրությամբ սահմանված իրավական մեխանիզմների շրջանակում։
Քրեական հետապնդման գործընթացը, որը կատարում են քննչական կոմիտեն և գլխավոր դատախազությունը, պարտավոր է իրականացվել անկախ նրանից, թե վարչապետը որպես բանակցող կողմ ցանկանում է, թե չի ցանկանում հետամուտ լինել այդ հարցին։ Եթե հանցագործություն է տեղի ունեցել, ապա համապատասխան իրավական մեխանիզմը պարտավոր է աշխատել։ Եթե մինչև հիմա վարույթ չի հարուցվել, դա ինքնին հանցագործություն է։
Վարչապետի հայտարարությունը, որը հաճախ լսվում է, պետք է դիտարկվի որպես քաղաքական դիրքորոշում, որը պետք է առանձնացնել իրավական գործընթացներից։ Եթե խոսքը վերաբերում է 2020, 2022 կամ 2023 թվականներին ՀՀ տարածքում կատարված հանցագործություններին, ապա արդեն պետք է լինեին իրավական հետևանքներ։ Քրեական գործի քննությունը պետք է ավարտված լիներ, և Մինսկի կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանին պետք է հրավիրված լիներ համագործակցության։
Նման դիրքորոշումը, որը հաճախ հայտարարվում է պետական մակարդակով, խոչընդոտ է միջազգային համագործակցությանը և խրախուսում է նորանոր հանցագործություններ։ Հասարակությանը պետք է տրվեն տեղեկություններ՝ Իշխանասարի կամ Ջերմուկի դեպքերով վարույթների ընթացքի մասին, և պետք է հստակ լինի, թե արդյոք հաստատվել է, որ հանցագործությունները կատարել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ։