Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 30-ին հրապարակել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմակիցների միջև ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ հերթական ձայնագրությունը։ Այս ձայնագրության մեջ, որտեղ զրուցակիցները քննարկում են «Ֆորա» բանկի վերաբերյալ որոշ պայմանավորվածություններ, մի քանի անգամ հիշատակվում է անուն, որը հնչում է «Նարեկ»։
Հարցված, թե ձայնագրության մեջ հիշատակվող «Նարեկը» ո՞վ է, և արդյո՞ք նա ինքն է, քանի որ «Ֆորա» բանկը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբին, Նարեկ Կարապետյանը խուսափեց ուղիղ պատասխան տալուց։
«Ինձ համար տհաճ է ուրիշի խոսակցությունները լսելը։ Ուրիշի խոսակցությունը լսելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ սեր, այդ պատճառով չէի ուզի մեկնաբանել։ Պրոցես է, թող գնա»,- ասաց Կարապետյանը՝ հարցին անպատասխան մնալով։