Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը պետական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։
Այցի ընթացքում նախագահ Մակրոնը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Պետական այցի հիմնական իրադարձությունները կմեկնարկեն մայիսի 5-ին։ Ծրագրվում է, որ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի միջև առանձնազրույց, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպումից հետո կկայանա փաստաթղթերի ստորագրման արարողություն, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կհանդես գան ԶԼՄ-ների համար նախատեսված համատեղ հայտարարությամբ։
Այցի շրջանակում նախագահ Մակրոնը կկատարի հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա նաև կայցելի Մատենադարան՝ ծանոթանալու համար հայկական մշակութային ժառանգության հետ։
Պետական այցի ընթացքում նախատեսված է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի նախագահը կայցելի նաև Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու համար 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Գյումրիում կկայանա նաև «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգ, որին կներկա գտնվեն երկու երկրների առաջնորդները։