Երոպական խորհրդարանի վերջին բանաձեւը, որը վերահաստատում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ինքնությանը, սեփականությանը, մշակութային ժառանգության պաշտպանությանը եւ անվտանգ վերադարձի իրավունքին, ցույց է տալիս, որ Արցախի հարցը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվել է, սակայն գործընթացը ավարտված չէ։ 2020-2023 թվականների իրադարձությունները, հատկապես 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը եւ դրան հաջորդած արցախահայության բռնի տեղահանությունը, փոխեցին աշխարհի ուժերի բալանսը։ Ես այս իրադարձությունները համարում եմ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, որը հետագայում դրսեւորվեց Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության, Իրան-ԱՄՆ հակամարտության եւ այլ գլոբալ լարվածությունների տեսքով։
Այս զարգացումները հուշում են, որ պետք է վերականգնվի նախկինում եղած բալանսը, որը խաղաղություն էր պահում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում։ Եվրոպացիները լավ տեսնում են, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը եւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը բերում են նոր հակամարտությունների եւ հղի են ավելի լայնամասշտաբ հակամարտություն դառնալու իրողություններով։
Այս բանաձեւը ապացույց է, որ Արցախի հարցը բաց է, եւ մարդիկ պետք է ունենան իրենց հայրենիք վերադառնալու եւ իրենց օջախներին տիրություն անելու հնարավորություն։ Իհարկե, մտահոգություն է առաջանում նաեւ այն հանգամանքի շուրջ, որ Բաքվում գտնվող հայ գերիներին եւ ռազմական գերիներին չեն ազատում։
Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարվում է, որ արցախցիների վերադարձի հարցը բանակցության թեմա չի դարձնում, եւ պատմամշակութային ժառանգության հարցերը եւս չեն պատրաստվում բարձրաձայնել միջազգային հարթակներում։ Սակայն, ես կարծում եմ, որ այս հարցերում հասնելու համար արդյունքի անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունը։
Հիշենք, որ Հայաստանը աշխարհի կողմից ճանաչված պետություն է եւ ժամանակի ընթացքում եղել է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Աշխարհը լավ է գիտակցում, որ այդ տարածքները հայկական են, եւ հենց Հայաստանն է պետք է պաշտպանի հայ ժողովրդի շահերը եւ ներկայացնի բոլոր հայերի շահերը՝ որպես հայահավաք կենտրոն։
Ամեն հայ պետք է զգա, որ իր հայրենիքն այստեղ է, եւ բոլորը պետք է կենտրոնանան Երեւանի շուրջ, որպեսզի հզոր եւ պինդ լինեն։ Ցավոք սրտի, իշխանությունների կողմից այսօր այս քաղաքականությունը ներկայացվում է, որ նոր պատերազմ կլինի։ Մինչդեռ, կյանքը միշտ էլ ապացուցել է, որ որքան էլ զիջողաբար ես վերաբերվում, քեզանից ավելի շատ են պահանջում։
Եթե համեմատություն անենք 1918-1920 թվականների զարգացումների հետ, համարյա նույն սցենարն է։ Ցավոք, իշխանությունները չեն ուզում դուրս գալ այդ գծից։ Այսինքն՝ եթե իսկապես բարի կամեցողություն ունեն, սահմանը կբացեն, բայց ոչ, իրենք ուզում են հնարավորինս ավելին ստանալ։ Իսկ այդ ավելինը նշանակում է ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը։