Կենդանապաշտպան կազմակերպությունները ահազանգում են՝ «ստերջացված» շները հղիանում են և բազմանում

«Դոգմա» կենդանապաշտպան հասարակական կազմակերպությունը կրկին հրավիրում է հանրության ուշադրությունը՝ նշելով, որ ստերջացման գործընթացից հետո շների մոտ հղիություն է արձանագրվում։ Այս անգամ դեպքը գրանցվել է Աշտարակի խճուղուց փրկված շանը, որի ականջին կլիպս էր ամրացված՝ 3255 անհատական կոդով։

Շանը տեղափոխվել է «Ամիրավետ» կլինիկա, որտեղ բժիշկ Արթուրը կատարել է վիրահատական ստերջացում։ Բժիշկի խոսքով, կենդանու մոտ արձանագրվել էր հղիություն, և այն պետք է ծննդաբերեր ռեկորդային թվով՝ 15 ձագ։

Այս դեպքը հարցեր է առաջացնում կենդանիների ստերջացման ծրագրերի արդյունավետության և որակավորման վերաբերյալ։ Նման ահազանգեր ստացվում են բազմաթիվ կազմակերպություններից՝ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի մարզերից։

Հիշեցնենք, որ կենդանիների ստերջացման ծառայություններով զբաղվում են մի քանի կազմակերպություններ, որոնք պետական գնումների միջոցով իրականացնում են այդ ծառայությունները։ Այդ կազմակերպություններից են «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ն, «Կումնի» և «Ադել շին» ընկերությունները։