Ֆրանսիայի նախագահը պետական այցով ժամանել է Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պետական այցի շրջանակում ժամանել է Հայաստանի Հանրապետություն։ Բարձրաստիճան հյուրին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և կառավարության այլ անդամներ ու պաշտոնյաներ։

Այցի հիմնական կենտրոնը Երևանն է, որտեղ նախագահ Մակրոնը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի ավարտին նախատեսված են բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ թե՛ առանձնազրույցի, թե՛ ընդլայնված կազմով հանդիպման ձևաչափով։ Հանդիպումների արդյունքներով սպասվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն և համատեղ հայտարարություն լրատվամիջոցների համար։

Պետական այցի ընթացքում՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի առաջնորդը կմեկնի Գյումրի, որտեղ կներկա լինի մեծ համերգի։ Նախատեսված է նաև հանդիպում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այս այցը համարվում է երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում կարևոր քայլ։