Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության հուշարձանը ոչնչացվել է

Հայաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում գործող «Կովկասի ժառանգության մշտադիտում» («Caucasus Heritage Watch») կազմակերպությունը հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ Ստեփանակերտում ավերվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կառուցված սպիտակ մարմարե զանգակատունը։

Արբանյակային նկարահանումները, որոնք իրականացրել են Airbus և Planet ընկերությունները, ցույց են տալիս, որ հուշարձանը և նրա շուրջը գտնվող հուշահամալիրը ոչնչացվել են 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2024 թվականի ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում։

Սպիտակ մարմարից կառուցված զանգակատունը ոչ միայն ճարտարապետական հուշարձան էր, այլև ունեցել է խորը սիմվոլիկ նշանակություն։ Այն ներառում էր մասունքարան, որտեղ պահվում էին Դեր Զորից բերված մարդկային աճյուններ՝ հիշատակելու համար այն վայրը, որտեղ 1915 թվականին հարյուրհազարավոր հայեր ենթարկվեցին զանգվածային կոտորածների, բռնի տեղահանության և մահվան երթերի։

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության օմբուդսման, «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի փոխնախագահ Հովիկ Ավանեսովը նշել է, որ այս գործողությունը պետք է դիտարկվի որպես համակարգված քաղաքականության մաս, որի նպատակն է հայկական պատմամշակութային ժառանգության վերացումը և պատմական հիշողության խեղաթյուրումը։

«Այս գործողությունը ոչ միայն մշակութային արժեքի կորուստ է, այլև ուղղակի հարված պատմական հիշողությանը, զոհերի հիշատակին և նրանց ժառանգների ինքնությանը»,– ընդգծել է Ավանեսովը՝ նշելով, որ այս գործողությունը հակասում է միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիաներին։

Նրա համոզմամբ՝ հուշարձանի ոչնչացումը պետք է գնահատվի որպես մշակութային ցեղասպանության դրսևորում, որը նպատակ ունի վերաձևավորելու տարածքի պատմական նարատիվը՝ ջնջելով հայկական ներկայության վկայությունները։

Այս տարվա սկզբին ադրբեջանցիները նույնպես ավերել էին Ստեփանակերտի երկու հիմնական եկեղեցիները՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։