Քննչական կոմիտեն հրապարակել է անչափահաս քույրերի գործի տվյալները՝ խախտելով գաղտնիության պահանջը

Այսօր, կեսօրից հետո, քննչական կոմիտեում հարցաքննության են հրավիրվել Վեդիում սեռական բռնության ենթարկված երկու անչափահաս քույրը։ Այս մասին ինձ տեղեկացրեց նրանց պաշտպաններից մեկը՝ Վարդուհի Էլբակյանը։

Նա նշել է, որ զարմանալի է, թե քննչական կոմիտեն հրապարակել է գործի նման բաց տեղեկություն՝ անչափահաս երեխաների մասին։ «Սա փակ, գաղտնիություն նախատեսող գործ է։ Կոմիտեի կողմից հրապարակված տեղեկությունները ամբողջական չեն և չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Էլբակյանը։

Պաշտպաններից մյուսը՝ Լուսինե Մարտիրոսյանը, նշել է, որ գործի տվյալները հրապարակելուց առաջ անձանց չեն մեկուսացրել։ «Այսպիսով, պոտենցիալ մեղադրյալը արդեն գիտի, թե որ երեխան է տվել հակասական ցուցմունք, իսկ որը հրաժարվել է փորձաքննությունից։ Ինչո՞ւ իրենք չեն ցուցաբերել ճիշտ մոտեցում։ Եթե նրանք գտնում են, որ երեխեքն ունեն առողջական խնդիր, արդյո՞ք ապահովել են նրանց հոգեբանի մասնակցությունը։ Ինչպես եղավ, որ ես և մյուս պաշտպանը, որոնք հատուկ մասնագիտական գիտելիք չունեինք, մեզ մոտ են սկսել խոսել, իսկ իրենց հոգեբանի մոտ՝ կաշկանդված կամ չեն խոսում»,- ասաց նա։

Վարդուհի Էլբակյանը նաև անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք ընտանիքի ներկայացած տղամարդը իրականում ներգրավված է սեռական ոտնձգության մեջ։ «Քանի դեռ այդ մասին որևէ ցուցմունք չկա, ես ոչինչ չեմ կարող ասել։ Մենք ի՞նչ ենք անում, մարդկանց փախցնո՞ւմ ենք։ Քննչական կոմիտեն արդեն իսկ սխալ է թույլ տվել՝ այդ ամենը հրապարակայնացնելով։ Թող ասեր՝ քննություն է ընթանում, կպարզենք, հետո հայտնեին՝ ձերբակալել են, հետո ազատ արձակել, ասեին՝ սուտ մատնությո՞ւն է, թե՞ ճիշտ է։ Ի՞նչ է նշանակում այս տվյալները տրամադրելը»,- հարցրեց նա։