Հանրության ապատիան և ընտրությունների ճակատագրի հարցը

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մնացել է ուղիղ մեկ ամիս։ Բազմիցս հնչել են գնահատականներ, որ այս ընտրությունները պարզապես իշխանության ձևավորման համար չեն, այլ հունիսի 7-ին հայտնի կդառնա պետության գոյաբանական հարցի պատասխանը։ Սակայն, ցավոք, հասարակության վերաբերմունքը, թերևս, դեռևս չի արտահայտվել այն ինտենսիվությամբ, որը պահանջում է այս կենսական կարևոր իրադարձությունը։

Եթերներում և սոցցանցերում հնչող գոյաբանական սպառնալիքների ահազանգերը հաճախ հանդիպում են հանրության կողմից ոչ այնքան հստակ և ակնկալվող արձագանքի, որքան անհիմն մեղադրանքների՝ ուղղված պարզ քաղաքացիներին՝ նրանց անտարբերության կամ երկրի ճակատագրի նկատմամբ անտեսողական վերաբերմունքի համար։ Իհարկե, Հայաստանում հանրային ապատիա գոյություն ունի, և այն, ցավոք, խորանում է։ Սակայն այդ ապատիան ունի բազմաշերտ, խորքային պատճառներ, և այն արդարացված չէ ուղղակիորեն մեղադրել քաղաքացիներին՝ նրանց անտարբերությունից կամ երկրի նկատմամբ անտեսողական վերաբերմունքից։

Այս խորքային պատճառներից ամենակարևորը վերաբերում է ոչ թե հանրությանը, այլ քաղաքականությամբ զբաղվողներին, ավելի կոնկրետ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դրդապատճառներին։ Ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս երկու հայեցակարգային մոտեցումներով՝ պայքար իշխանության դեմ և պայքար իշխանության համար։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանք նույնական են, սակայն այդպես կարող է լինել միայն հարաբերականորեն կայուն երկրներում, երբ կուսակցությունները պայքարում են իշխանության դեմ՝ իշխանություն ձևավորելու նպատակով։

Ո՛չ սովորական, ո՛չ ստանդարտ իրավիճակներում, երբ զոհասեղանին դրված է ոչ թե էլեկտորալ խնդիրը, այլ պետության լինելիությունը, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, եթե իսկապես ցանկանում են փրկել երկիրը, պետք է մասնակցեն իշխանության դեմ պայքարի անվերապահ հայեցակարգով՝ երկրորդական համարելով ապագա իշխանության մեջ իրենց ներկայացվածության հարցը։ Եվ հակառակը՝ եթե նման պայմաններում քաղաքական ուժերը ցույց են տալիս, որ պայքարում են ոչ միայն և ոչ այնքան՝ իշխանության դեմ, որքան իշխանություն ձևավորելու համար, նրանց պայքարը պակաս համարժեք է դառնում պետության առջև ծառացած գոյաբանական խնդիրներին։

Այս սահմանագիծը շատ նուրբ է, և որևէ ուժ, բնականաբար, չի հայտարարում, թե իր համար կարևորը ոչ թե պետությունից մնացածը փրկելն է, այլ զուտ իշխանությունը։ Բայց պարզ մարդիկ, հասարակությունը գուցե բնազդային մակարդակում զգում են այդ տարբերությունը և ըստ այդ զգացածի էլ ձևավորում են առանձին քաղաքական ուժերի և ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը։

Այսօրվա հանրային ապատիկ վերաբերմունքը, առնվազն հասարակության որակյալ շերտերի պարագայում, մեծ հավանականությամբ, պայմանավորված է հենց այդ հանգամանքով՝ մարդիկ չեն ուզում նախանձախնդիր կերպով մասնակցել մի գործընթացի, որի մասնակիցների առնվազն մի մասի համար խնդիրը ոչ թե պայքարն է իշխանության դեմ, այլ պայքարը՝ հանուն իշխանության։

Առջևում դեռ մեկ ամիս ժամանակ կա, և քաղաքական ուժերը տեսականորեն կարող են կոտրել այս ապատիան և դա կարող են անել միայն հանրությանը սեփական մղումների ազնվության մեջ համոզելու միջոցով։ Այլ հարց է՝ կա՞ն արդյոք այդ մղումներն իրականում, թե՞ պարզ մարդկանց բնազդային զգացողությունը, այնուամենայնիվ, ճիշտ է։