Հարգելի զոհված զինծառայողների հարազատներ,
Ես ձեզ հետ որոնել եմ ձեր որդիների, ամուսինների, քույրերի մարմինները մարտի դաշտում։ Ես տեսել եմ ձեր արցունքը, ձեր տառապանքը, բայց նաև տեսել եմ ձեր հպարտությունը հերոսների համար։ Նրանց զոհողությունը սուրբ է, և պետությունը պետք է ամեն ինչ անի, որ արժանի լինի ամեն օր այդ զոհողությանը։
Մենք ձեզ խոստանում ենք երեք բան։
Հարգանք։ Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու ու նվաստացնելու զոհվածի ընտանիքի անդամին։
Արդարություն։ Յուրաքանչյուր սխալ որոշում ու սխալ քայլ, որը կյանքեր է խլել, պետք է ունենա հստակ իրավական ու քաղաքական գնահատական։
Հոգատարություն։ Պետությունը զոհվածների ընտանիքներին պետք է հիշի ոչ թե հիշատակի օրերին միայն, այլ նրանց կողքին լինի ամեն օր։
Հերոսների հիշատակը երբեք չի լինելու քաղաքական առևտրի առարկա կամ գործիք։ Նրանց անունները միշտ պետք է հիշվեն և մնան որպես Հայաստանի արժանապատվության խորհրդանիշներ։
Արման Թաթոյան
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու