Հունիսի 7-ի ընտրություններին մնացել է ընդամենը մի շաբաթ։ Այս պահին կարելի է արձանագրել, որ որոշ սպասելիքներ չարդարացան, իսկ մյուսները, ցավոք, հաստատվեցին։ Սակայն մենք ունենք այն, ինչ ունենք, և հենց այս պահին պետք է կայացնենք հնարավորինս ճիշտ որոշումը՝ ոչ միայն մեր երկրին ավելի մեծ վտանգների չտանելու համար, այլև, ամենակարևորը, հետագայում չմեղադրվելու համար, որ վճռական պահին մեր կողմն էինք կանգնել սխալ որոշում կայացնողների։
Թույլ տվեք թվարկել այս պահին իմ արձանագրած դրական ու բացասական կողմերը։
Ի՞նչն է դրականը
Առաջին հերթին, մենք ունենք բավականին մեծ ընտրություն։ Կան փորձառու պետական գործիչներ և քաղաքականապես թրծված թիմեր, կան լրիվ նոր մարդիկ, որոնք բացասական կենսագրության բեռ չեն կրում, կան գործարարներ, որոնք բիզնեսում հաջողություններ են գրանցել և կարող են հաջողություն գրանցել նաև երկրի կառավարման գործում։ Հիշենք, որ 2018 թվականին իշխանության եկող մարդը նման բոլորից ոչ մեկը չէր, բայց նրան վստահեցինք մեր երկիրը։ Կան նաև արևմտյան արժեքներին նվիրված անձնավորություններ։
Երկրորդ, հասարակության առողջ, մտածող և հայրենասեր հատվածը քաջ գիտակցում է այս ընտրության կարևորությունը (երբեմն նույնիսկ չափազանցում) և հնարավոր ամեն ինչ անում է՝ իր շրջապատի թերուս, անտարբեր և վտանգները չգիտակցող մարդկանց խելքի բերելու համար։ Սա վերջին տարիների ամենահուզիչ և ամենալավ երևույթն է։
Երրորդ, իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, դեմոկրատի, հայրենասերի և հայամետի քողն ամբողջությամբ նետեցին իրենց վրայից և նախընտրական այս փուլում մեր առաջ հառնեցին իրենց անդաստիարակության, չարության, հայկական և համաշխարհային հասարակության ատելության ամբողջ «հասակով»։ Սա, թերևս, ամենաակնառու ազդանշանն է, որ իշխանությունը վախենում է։
Ի՞նչն է բացասականը
Այս պահին 17 ուժից 5-6, իսկ ռեալիստական հաշվարկներով՝ 7 շանս ունեցող ուժերին հանած, մնում է 10 կուսակցություն։ Դրանցից մի մասը գիտակցված՝ իշխանությանը ծառայություն մատուցելու համար, մյուսները՝ հուսամ՝ անգիտակից, ավելորդ ամբիցիաների պատճառով, վատ բան արեցին։ Դրանք ավելացրին խառնաշփոթը, խաթարեցին ընտրական դաշտը և խոչընդոտեցին հասարակության կողմնորոշմանը։
Ես մեծ հույսեր ունեի, որ մի քանիսն էլ ինքնաբացարկ կհայտնեն և մինչև մայիսի 28-ը կդուրս գան ընտրապայքարից։ Սա կհեշտացներ ընտրողի դերը, բայց, անցանկալիորեն, այդպես չբացվեց։
Այս նախընտրական աղմուկի մեջ կլինեն նաև մարդիկ, որոնք չեն կարողանա ճիշտ կողմնորոշվել՝ ով է իրապես ընդդիմադիր, ով՝ ոչ, ով շանս ունի շեմը հաղթահարելու, ով՝ ոչ։ Եվ իրենց քվեն, Փաշինյանի լեզվով ասած՝ «շունշանգյալի» բաժին կդարձնեն։ Այստեղ գրագետ, կողմնորոշված մարդկանց դերը, որոնք մեղմորեն, առանց իրենց գերազանցությունն ընդգծելու, պետք է ուղղորդեն իրենց ընկեր-հարևան-բարեկամներին, անչափ կարևոր է։
Եվ վերջապես, վարչապետի թեկնածուներին ուղղված պրետենզիաների մասին։ Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մի «կինոյի տղա» հայտնված լիներ, որին փակ աչքով ձայն տային բոլորը։ Բայց «կինոյի տղերքը» միշտ չի լինում լավ ղեկավարներ, և վստահ եմ՝ ՔՊ-ն ու նրա առաջնորդը նրա վրա էլ թերություններ կգտնեին, իսկ հասարակության մի մասն էլ կձայնակցեր նրանց ստերին։ Մենք մի անգամ ենք միայն առանց հարցեր տալու և ազգովի ձայն տվել մեկին, ով պարզվեց՝ ամենաքիչն էր արժանի մեր վստահությանը։
Հաջորդ կառավարությունը, համոզված եմ, անպայման պետք է կոալիցիոն լինի։ Տարբեր խառնվածքի և աշխարհայացքի տեր մարդիկ և ուժեր պետք է իրար հակակշռեն, վերահսկեն, փոխլրացնեն և համագործակցեն։ Եվ այս դեպքում ամեն ինչ լավ կլինի։
Այս ընտրություններն ավելի քան պարզապես քվեարկություն են։ Դրանք հանրաքվե են, որը զատելու է նորմալ հայ մարդուն անորմալից։ Հունիսի 8-ին մենք կիմանանք, թե քանի նորմալ մարդ է ապրում մեր երկրում։