Մնաց մի շաբաթ քվեարկությանը

Մենք արդեն կարող ենք ասել, որ որոշ սպասելիքներ չարդարացան, իսկ որոշները, ցավոք, արդարացան։ Սակայն մենք ունենք այն, ինչ ունենք, և հունիսի 7-ին պետք է կայացնենք հնարավորինս ճիշտ որոշումը՝ մեր երկիրն ավելի մեծ վտանգների չտանելու և ամենակարևորը՝ մեզ հետագայում չմեղադրելու համար, որ վճռական պահին մենք եղել ենք սխալ որոշում կայացնողների ճամբարում։

Թող փորձեմ թվարկել այս պահին իմ արձանագրած դրականն ու բացասականը։

Դրական կողմը այն է, որ ունենք բավականին մեծ ընտրություն։ Մենք ունենք փորձառու պետական գործիչներ ու քաղաքականապես թրծված թիմեր, ունենք նաև լրիվ նոր մարդիկ, որոնք բացասական կենսագրության բեռ չեն կրում, ունենք գործարարներ, որոնք բիզնեսում հաջողություններ են գրանցել և կարող են հաջողել նաև երկրի կառավարման գործում։ Հիշեք, որ 2018 թվականի մայիսի 18-ին իշխանության եկող մարդն այս բոլորից ոչ մեկը չէր, բայց նրան վստահեցինք մեր երկիրը։ Ի վերջո, ունենք նաև արևմտյան արժեքներին նվիրված անձնավորություններ։

Մյուս դրականը հասարակության առողջ, մտածող, հայրենասեր հատվածն է։ Այս մարդիկ քաջ գիտակցում են ընտրության կարևորությունը (երբեմն նույնիսկ չափազանցում) և հնարավոր ամեն ինչ անում են իրենց շրջապատի թերուս, անտարբեր ու վտանգները չգիտակցող մարդկանց խելքի բերելու համար։ Սա վերջին տարիների ամենահուզիչ ու ամենալավ բանն է։

Վերջապես, դրական եմ համարում նաև այն փաստը, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, դեմոկրատի, հայրենասերի, հայամետի քողն ամբողջությամբ նետեցին իրենց վրայից և նախընտրական այս փուլում մեր առաջ հառնեցին իրենց անդաստիարակության, չարության, հայկական և համաշխարհային հանրությանը ատողի ողջ «հասակով»։

Եթե կա մեկը, ով պատրաստ է ձայն տալ «կզցնեմ», «սատկացնեմ», «եղած չեղածը կտրեմ», «այս տարածքում հայեր չեն ապրել, հայկական պետություն չի եղել», «Արցախի հարցը բարձրացնողին պատժելու եմ…», «մենք դեռ տարածքներ ունենք, որ պիտի հանձնենք Ադրբեջանին», «եկեղեցու փաստացի պետին պետք է փոխենք» և այլ նմանատիպ անհեթեթություններ ասողին, ուրեմն նա նորմալ մարդ չէ։ Այս քվեարկությունը յուրօրինակ հանրաքվե է, որը զատելու է նորմալ հայ մարդուն անորմալից, և մենք, ըստ էության, հունիսի 8-ին իմանալու ենք, թե քանի նորմալ մարդ է ապրում մեր երկրում։

Բացասական կողմը այն է, որ 17 ուժից 5-6, իսկ լավագույնս՝ 7 շանս ունեցող ուժերին հանած, մնացած 10-ը վատ բան արեցին։ Դրանց մի մասը գիտակցված՝ իշխանությանը ծառայություն մատուցելու համար, մյուսները՝ հուսամ՝ անգիտակից, ավելորդ ամբիցիաների պատճառով։ Ես մեծ հույսեր ունեի, որ մի քանիսն էլ ինքնաբացարկ կհայտնեն և մինչև մայիսի 28-ը դուրս կգան ընտրապայքարից… չարեցին։

Եվ այս նախընտրական աղմուկի մեջ կլինեն նաև մարդիկ, որոնք չեն կարողանա ճիշտ կողմնորոշվել՝ ով է իրապես ընդդիմադիր, ով՝ ոչ, ով շանս ունի շեմը հաղթահարելու, ով՝ ոչ։ Եվ իրենց քվեն, Փաշինյանի լեզվով ասած՝ «շունշանգյալի բաժին կդարձնեն»։ Այստեղ մեծ է գրագետ, կողմնորոշված մարդկանց դերակատարումը, որոնք պետք է մեղմորեն, առանց իրենց գերազանցությունն ընդգծելու, ուղղորդեն իրենց ընկեր-հարևան-բարեկամներին։

Ի վերջո, վարչապետի թեկնածուներին ուղղված պրետենզիաների մասին։ Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մի «կինոյի տղա» հայտնված լիներ, որին փակ աչքով ձայն տային բոլորը։ Բայց «կինոյի տղերքը» միշտ չի լինում լավ ղեկավարներ, և վստահ եմ՝ ՔՊ-ն ու նրա առաջնորդը նրա վրա էլ թերություններ կգտնեին, իսկ հասարակության մի մասն էլ կձայնակցեր նրանց ստերին։ Մենք մի անգամ ենք միայն առանց հարցեր տալու և ազգովի ձայն տվել մեկին, ով պարզվեց՝ ամենաքիչն էր արժանի մեր վստահությանը։

Հաջորդ կառավարությունը, համոզված եմ, անպայման պետք է կոալիցիոն լինի։ Տարբեր խառնվածքի ու աշխարհայացքի տեր մարդիկ և ուժեր պետք է իրար հակակշռեն ու վերահսկեն, փոխլրացնեն ու համագործակցեն։ Եվ ամեն ինչ լավ կլինի…