Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հրադադարի հնարավորությունը՝ հույսի կայծ աշխարհի համար

Աշխարհը, որը շաբաթներ շարունակ ապրում էր պատերազմի սպառնալիքի տակ, հանկարծակի լսեց հրադադարի լուրը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ համապարփակ համաձայնության ձեռքբերման մասին հնչած լուրը, թեև դեռեւս պաշտոնապես հաստատված չէ, կարող է դառնալ պատմական շրջադարձ ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ ողջ մոլորակի համար։

Այս հնարավորությունը կարելի է դիտարկել որպես ոչ միայն դիվանագիտական հաջողություն, այլեւ մարդկությանը պատերազմի ավերածություններից փրկելու հնարավորություն։ Պատմության ընթացքում մարդկությունը չափազանց մեծ գին է վճարել պատերազմների համար։ Դարեր շարունակ ժողովուրդները կորցրել են իրենց լավագույն զավակներին, ավերվել են քաղաքներ, ոչնչացվել են մշակութային արժեքներ, խեղվել են միլիոնավոր մարդկային ճակատագրեր։ Այդ պատճառով էլ ցանկացած համաձայնություն, որը կանգնեցնում է կրակը եւ հնարավորություն է տալիս խոսել ոչ թե հրթիռների, այլ բանակցությունների լեզվով, արժանի է ամենաբարձր ողջունման։

Համաձայն հաղորդումների՝ հուշագրի առանցքային կետերն են ռազմական գործողությունների դադարեցումը, անվտանգության երաշխիքները, ծովային շրջափակման վերացումը, Հորմուզի նեղուցի բնականոն գործունեության վերականգնումը, Իրանի սառեցված ակտիվների հասանելիությանը եւ միջուկային հարցի բանակցային կարգավորումը։ Եթե այս դրույթները լիարժեք կյանքի կոչվեն, դրանց նշանակությունը դժվար է գերագնահատել։

Ամենակարեւորը, անկասկած, ռազմական գործողությունների դադարեցումն է։ Ոչ մի քաղաքական կամ աշխարհաքաղաքական նպատակ չի կարող հավասարվել մարդկային կյանքի արժեքին։ Յուրաքանչյուր փրկված երեխա, յուրաքանչյուր չավերված տուն, յուրաքանչյուր չընդհատված մարդկային ճակատագիր արդեն իսկ հաղթանակ է։

Առեւտրային սահմանափակումների թուլացումն ու Հորմուզի նեղուցի բնականոն աշխատանքի վերականգնումը կարեւոր են ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի տնտեսության համար։ Ժամանակակից աշխարհում պատերազմը վաղուց դադարել է լինել միայն ռազմաճակատի խնդիր։ Այն հարվածում է հացի գնին, վառելիքի արժեքին, մարդկանց սոցիալական վիճակին նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրներում։

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հակասությունների պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի իրանական ժողովուրդը։ Անկախ քաղաքական գնահատականներից՝ դժվար է չնկատել այն տոկունությունը, որով իրանցիները դիմակայեցին ծանր փորձություններին։ Պատերազմների իրական ծանրությունը միշտ կրում են հասարակ քաղաքացիները։ Հենց նրանք են խաղաղության ամենամեծ շահառուները։

Մեզ՝ հայերիս համար, այս զարգացումներն ունեն նաեւ առանձնահատուկ նշանակություն։ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ցանկացած մեծ ցնցում անմիջապես անդրադառնում է ազգային անվտանգության, տնտեսության եւ ապագայի վրա։ Իրանը Հայաստանի կարեւոր հարեւանն է, եւ նրա շուրջ կայունության հաստատումը մեծացնում է նաեւ մեր տարածաշրջանի կանխատեսելիությունը, խաղաղության ապահովումը։

Երբ պատերազմը ձգձգվում է, հաղթողներ չեն լինում։ Կորցնում են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր հայտարարում են հաղթանակի մասին։ Այսօր թերեւս ամենաանիմաստ հարցը սա է՝ ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց։ Եթե պատերազմը շարունակվեր, հնարավոր է՝ բոլորը պարտվեին։ Եթե կողմերը կարողացել են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ապա արդեն իսկ շահել են երկուսն էլ։ Շահել են նաեւ աշխարհի ժողովուրդները։

Այս հնարավորությունը հիշեցնում է մեզ հին հումանիստ Էրազմ Ռոտերդամցու խոսքը. «Պատերազմը քաղցր է նրանց համար, ովքեր չեն տեսել այն»։ Ժամանակը միայն հաստատել է այդ դառը ճշմարտությունը։ Պատերազմը գրեթե միշտ է խլում, քան տալիս է։ Այն ավելի հաճախ է ստեղծում նոր խնդիրներ, քան լուծում է հները։ Այսօր աշխարհը կարիք ունի ոչ թե նոր ռազմաճակատների, այլ՝ նոր կամուրջների։ Կարիք ունի ոչ թե հաղթանակի պաշտամունքի, այլ՝ մարդկային կյանքի արժեւորման։ Կարիք ունի խաղաղության։