Հետընտրական իրավիճակը՝ երեք հարթությունների միջև փոխկապակցվածություն

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված իրավիճակը բնութագրվում է աննախադեպ բարդությամբ։ Ընտրությունների արդյունքների և ամբողջ գործընթացի լեգիտիմության հարցը բարձրացնում են ոչ միայն այն քաղաքական ուժերը, որոնք իրենց գնահատմամբ տուժել են ընտրական գործընթացից, այլև այն դերակատարները, որոնք վերջին տարիներին գործնականում գտնվել են իշխանության հետ նույն քաղաքական և գաղափարական դաշտում։

Հետընտրական գործընթացն այսօր տեղափոխվել է երեք փոխկապակցված հարթություն՝ իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ։ Այս երեք գործընթացների համընկնումը պատահական չի կարող լինել։

Իրավական հարթություն․ ԿԸՀ-ի որոշումը և Սահմանադրական դատարանը

Հետընտրական գործընթացի մեկնարկային կետը դարձավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը։ Մի կողմից, ԿԸՀ-ն հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն ունեցել այնպիսի ազդեցություն, որը կարող էր փոխել ընտրությունների արդյունքները, իսկ մյուս կողմից՝ երեք ընտրատեղամասերի արդյունքները ճանաչեց անվավեր։ Արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փաստացի զրկվեց խորհրդարանում ներկայացվածություն ունենալու հնարավորությունից։

Ստեղծվեց ակնհայտ հակասություն․ եթե խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ինչպե՞ս ստացվեց, որ նույն որոշումները փոխեցին խորհրդարանի կազմը։

Այս իրավիճակի արդյունքում «Միասնության Թևեր» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ոչ միայն առանձին տեղամասերի արդյունքները, այլ ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրականությունը։ Կուսակցությունը հրապարակել է վարչական ռեսուրսի զանգվածային կիրառման, արձանագրությունների և ամփոփ տվյալների միջև անհամապատասխանությունների, վերահաշվարկների ընթացքում արձանագրված շեղումների, ինչպես նաև ԿԸՀ վարչական վարույթի ակնհայտ թերությունների վերաբերյալ փաստեր և հիմնավորումներ։

Քաղաքական հարթություն․ Վերաքվեարկության կամ նոր ընտրությունների պահանջ

Այս իրավիճակը հանգեցրել է նաև քաղաքական լարվածության աճի։ Իրավական գործընթացի զուգահեռ, իշխանամերձ շրջանակներից սկսել են բարձրաձայն խոսել վերաքվեարկության կամ նույնիսկ նոր ընտրությունների անհրաժեշտության մասին։ Այս դիրքորոշումը հատկապես ուշադրության արժանի է, քանի որ նման կոչեր հնչում են նաև այնպիսի քաղաքական գործիչներից, ինչպիսիք են Դանիել Իոանիսյանն ու Արման Բաբաջանյանը, որոնց քաղաքական ուժերը սկզբում ճանաչել էին ընտրությունների արդյունքները։

Սա բնականաբար առաջացնում է քաղաքական տրամաբանական հարցադրումներ։ Եթե իշխանության հետ նույն քաղաքական դաշտում գտնվող դերակատարները միաժամանակ սկսում են խոսել վերաքվեարկության, նոր ընտրությունների կամ ընտրությունների արդյունքների վերանայման անհրաժեշտության մասին, ապա արդյո՞ք գործ չունենք արդեն նախապես մշակված քաղաքական սցենարի հետ։

Ինստիտուցիոնալ հարթություն․ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Այս երկու հարթությունների հետ զուգահեռ, իշխող ուժն արտահերթ կարգով նախաձեռնում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններ։ Այս համադրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ հանրային դժգոհության աճի, Սահմանադրական դատարանում ընթացող գործընթացների և ընտրական օրենսդրության շտապ փոփոխությունների միջև կարող է գոյություն ունենալ քաղաքական փոխկապակցվածություն։

Այսպիսով, հետընտրական իրավիճակը դուրս է եկել առանձին խախտումների վերաբերյալ քննարկումների շրջանակից և վերածվել է ընտրական համակարգի և քաղաքական դաշտի վերաձևավորման հնարավորության մասին խոսակցությունների։ Իհարկե, վերջնական գնահատականներ տալը վաղ է, սակայն ակնհայտ է մեկ բան․ առաջիկա շաբաթներին Սահմանադրական դատարանի որոշումը կարող է դառնալ ոչ միայն իրավական, այլև քաղաքական նոր գործընթացների մեկնարկային կետ։