«Միասնության թևեր» կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026 թ․ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Գալստյանը և Լիպարիտ Դրմեյանը այսօր Սահմանադրական դատարան դիմում են ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները և նշանակել վերաքվեարկություն։

Ըստ կուսակցության՝ ընտրությունների արդյունքները կասկածելի են դարձել մի շարք խախտումների պատճառով, որոնք, նրանց համոզմամբ, ազդել են ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա։

«Մեր համոզմամբ՝ այն խախտումները, որոնք առկա են եղել և՛ քվեարկության օրը, և՛ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում, կումուլյատիվ ազդել են ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա»,- ասել է Լիպարիտ Դրմեյանը։ Նա նշել է, որ ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի չարաշահումն էր և ռեպրեսիվ միջոցների օգտագործումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։

Ըստ կուսակցության ներկայացուցիչների՝ իշխող կուսակցությունը նախընտրական քարոզարշավի համար ծախսել է շուրջ 800 մլն դրամ, սակայն իրական ծախսերը շատ ավելի բարձր են եղել։

Արմեն Գալստյանը հայտարարել է, որ կուսակցությունը օգտագործելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ իրավաչափ ճանապարհով պայքարելու ընտրությունների արդյունքների դեմ։ «Մենք գտնում ենք, որ ընտրություններն անցել են այնպիսի խախտումներով, որոնց արդյունքները մեզ համար ընդունելի չեն։ Իրավիճակը ցույց կտա, թե ինչպիսի պրոցեսներ կունենանք Սահմանադրական դատարանում։ Մենք օգտագործելու ենք օրենքով նախատեսված բոլոր միջոցները, բոլոր իրավաչափ միջոցներով շարունակելու ենք մեր պայքարը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Վարչական դատարանը մերժել է «Միասնության թևեր» կուսակցության հայցադիմումը, որով կուսակցությունը պահանջում էր անվավեր ճանաչել ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը։ Կուսակցությունը նախատեսում է բողոքարկել Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ վարչական դատարանում։