Վերաքննիչ դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ գործող իշխանության կողմից իրականացվող արդարադատության գործընթացները չեն հիմնվում օրենքի և Սահմանադրության վրա, այլ պայմանավորված են ներքաղաքական իրավիճակներով և զարգացումներով։
Նրա խոսքով՝ Միքայել Սրբազանը արդեն շուրջ մեկ տարի գտնվում է ազատազրկման մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ խափանման միջոցը վերջին շրջանում փոխվել է տնային կալանքի, Աբրահամյանի գնահատմամբ դա նույնպես լուրջ սահմանափակումներ է առաջացնում նրա գործունեության և ազատ տեղաշարժի համար։ Նա ընդգծել է, որ այս իրավիճակը կարելի է դիտարկել որպես ապօրինի ազատազրկում, իսկ դատական գործընթացների արդյունքները, նրա կարծիքով, առանձնապես մեկնաբանման կարիք չունեն։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Աբրահամյանը նշել է, որ հետընտրական փուլում իշխանությունները փորձում են սահմանափակել ընդդիմության ակտիվությունը և ազդեցությունը։ Նրա համոզմամբ՝ պետական բոլոր հնարավոր գործիքները օգտագործվում են ընդդիմադիր գործընթացները թուլացնելու և որոշ քաղաքական գործիչների գործընթացներից դուրս մղելու նպատակով։
«Գործող իշխանության օրոք արդարադատությունից որևէ ակնկալիք ունենալ չի կարելի, քանի որ իրավիճակների գնահատումը կատարվում է ոչ թե օրենքների, Սահմանադրության և իրավական գործընթացների հիման վրա, այլ՝ իրավիճակային զարգացումների տրամաբանությամբ»,- եզրափակել է նա։