Ընդդիմադիր ուժերի մանդատների հարցը մնում է բաց

Հայաստանի Ազգային Ժողովի առաջին նիստին մոտենալով՝ ընդդիմադիր դաշինքները դեռևս չեն հասել միասնական որոշման՝ վերցնելու՞ թե՞ չվերցնելու մանդատները։

Բոլոր կողմերից հորդորներ են հնչում՝ մանդատներից հրաժարվելու համար, որպեսզի իշխանությունը մնա միայնակ և ստիպված լինի արտահերթ ընտրություններ հայտարարել։ Սակայն, ունենալով արտաքին աջակցություն, Նիկոլ Փաշինյանը կարող է միայնակ կառավարել՝ առանց ճգնաժամի առաջացնելու։

Անցած շաբաթ «Ուժեղներ» դաշինքի ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել՝ փորձելով պարզել ժողովրդի ցանկությունը։ Քոչարյանի թիմը լռում է՝ էստաֆետը փոխանցելով թիվ 1 ընդդիմադիր ուժին։

Կարապետյանի թիմի ներկայացուցիչները նշում են, որ ընտրություններից հետո սկզբնական շրջանում իրենք կողմ էին եղել մանդատներից հրաժարվելուն։ Սակայն հետագայում սկսել են վերլուծել՝ ինչ է տալիս մանդատներից հրաժարվելը, եթե դրա միակ այլընտրանքը փողոցային պայքարն է, որն այս պահին չունի բավարար պոտենցիալ։ Նրանց կարծիքով՝ ժողովուրդն իր էներգիան ընտրություններում սպառել է, իսկ Փաշինյանին գահընկեց անելու համար անհրաժեշտ են մանդատներ։

Ընդդիմության վերջնական որոշումը՝ մանդատներ վերցնելու կամ դրանցից հրաժարվելու մասին, կհայտարարվի Սահմանադրական դատարանի վճռից հետո։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ հայտարարել էր, որ կառավարությունում փոփոխություններ չի նախատեսում։