Սահմանադրական դատարանը պարտավոր է մինչև հուլիսի 4-ն ավարտին հասցնել Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությունը։ Այս մասին հայտնել է դատարանի նախագահ Արման Դիլանյանը լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ դատարանը աշխատում է խիտ և լարված ժամանակացույցով՝ հենց այդ պարտավորության պատճառով։
Դիլանյանը նաև տեղեկացրել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել գաղտնի բնույթի փաստաթղթեր։ Այդ հատվածը կանցկացվի փակ նիստի ձևաչափով, որին կմասնակցեն միայն դատավարության կողմերն ու Սահմանադրական դատարանի դատավորները։
Անդրադառնալով այն քննադատություններին, թե ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցադրումները պարունակում են քաղաքական գնահատականներ, Արման Դիլանյանը նշել է, որ դատավորներն օրենքով լիազորված են ակտիվորեն մասնակցել գործի հանգամանքների պարզաբանմանը։ Նրա խոսքով՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը դատավորներին վերապահում է նման լիազորություններ, ինչը ենթադրում է նրանց առավել ակտիվ դերակատարությունը դատավարության ընթացքում։
Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին սկսել է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործը։