Wildberries-ի հարթակում հայ վաճառողների գործունեության կասեցումը

Հայաստանից գործող մի շարք վաճառողներ հայտնում են, որ Ռուսաստանում գործող Wildberries առցանց հարթակում իրենց բիզնեի գործունեությունը կտրուկ դադարեցվել է, ինչը ստեղծում է անորոշություն և խնդիրներ բազմաթիվ ձեռնարկատերերի համար։

Wildberries ընկերությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնում է, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպումների կանոնների փոփոխությամբ։ Ընկերության տեղեկացմամբ՝ ապրիլի 20-ից ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնց համաձայն որոշ ապրանքների համար սահմանվել են լրացուցիչ վերահսկողական ընթացակարգեր, ինչպես նաև պահանջվում են հավելյալ փաստաթղթեր։

Ընկերությունը նաև նշում է, որ գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական կապի մեջ է, ինչպես նաև կազմակերպել է հանդիպում ավելի քան 50 հայ վաճառողի հետ՝ քննարկելու առաջացած խնդիրները և փնտրելու դրանց հնարավոր լուծումները։

Հարթակը տեղեկացնում է, որ Ռուսաստանի պահեստներում արդեն առկա ապրանքների վաճառքը շարունակվում է նախկին պայմաններով, իսկ վաճառողները կարող են շարունակել իրենց գործունեությունը Հայաստանի ներքին շուկայում։

Միաժամանակ, անհատ ձեռնարկատեր Շուշանե Մկրտչյանը սոցիալական ցանցերում հայտնել է, որ Wildberries-ը «անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները»՝ առանց հստակ բացատրության։ Նրա խոսքով՝ բազմաթիվ վաճառողներ հայտնվել են բարդ իրավիճակում, քանի որ Wildberries-ը կարևոր հարթակ էր հատկապես փոքր բիզնեսների համար՝ արտահանման և վաճառքների ընդլայնման տեսանկյունից։

Մկրտչյանը նաև ընդգծում է, որ նման պայմաններում փոքր բիզնեսները պետական աջակցության կարիք ունեն, քանի որ մարկետփլեյսները ոչ միայն վաճառքի, այլև բիզնեսի զարգացման կարևոր գործիքներ են։

Ստեղծված իրավիճակը շարունակում է զարգանալ, և դեռևս պարզ չէ, թե երբ և ինչ ձևաչափով կվերականգնվեն վաճառքները Հայաստանից դեպի ռուսական հարթակներ։

Ի պատասխան լրագրողների հարցին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհուրդ է տվել «բոլոր հարցերին սառնասրտությամբ վերաբերվել»։