Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում ընդունված համատեղ հռչակագրում կողմերը պարտավորություն են ստանձնել «ուժեղացնել համագործակցությունը՝ ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու և դրա դեմ պայքարելու համար»։ Այս պայմանավորվածության տնտեսական հետևանքները վերլուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր գործոններ։
Եթե Հայաստանն այս պահին դուրս գա ԵԱՏՄ-ից, տնտեսության համար դա շատ ավելի ցավոտ կլինի, քան կարող էր լինել 2018 թվականին։ Իրականում, անկախ ամեն օր հրապարակվող քաղաքական հայտարարություններից, ՀՀ գործող իշխանության կառավարման տարիներին Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը զգալիորեն ամրապնդվել է, մինչդեռ Եվրոպայի հետ համագործակցությունը՝ թուլացել է։
Սա հստակ երևում է արտահանման ցուցանիշներից։ 2018 թվականից ի վեր դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը աճել է ավելի քան 5 անգամ, դեպի Ռուսաստան՝ 3 և ավելի անգամ։ Իսկ դեպի ԵՄ երկրներ արտահանումը 5 %-ով կրճատվել է։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի իրական տնտեսական քաղաքականությունը հակիրճ է ԵԱՏՄ շուկայի դեպ։
Համատեղ հռչակագրում նշվում է, որ կողմերը կամրապնդեն համատեղ ջանքերը՝ երկակի նշանակության ապրանքների առևտրի և վերարտահանման մոնիտորինգի, սահմանափակման և վերահսկման համար։ Պատկերացնելու համար, թե ինչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ այս պարտավորությունը, կարելի է դիտարկել պաշտոնական վիճակագրության մի քանի տվյալ։
2024 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է ռեկորդային արտահանում՝ 13․1 միլիարդ դոլար։ Այս ցուցանիշի 63 %-ը կազմում էին ոսկին և թանկարժեք մետաղները, որոնք եկել էին Ռուսաստանից, անցել Հայաստանի տարածքով և վերարտահանվել հիմնականում ԱՄԷ։ Մոտավորապես 8 %-ը կազմում էին այլ ապրանքների, մեծ մասամբ՝ տեխնիկայի վերարտահանումները երրորդ երկրներից դեպի Ռուսաստան։ 2025 թվականին արտահանումը կազմել է 8․4 միլիարդ դոլար, ինչը շուրջ 30 %-ով ցածր է եղել 2024 թվականի ցուցանիշից, որովհետև ոսկու վերարտահանումը զգալի անկում է ապրել։ Բայց նույնիսկ այս 8․4 միլիարդի արտահանման մեջ մեր ավանդական ապրանքների ծավալը՝ առանց վերարտահանման, կազմում է մոտավորապես 4 միլիարդ, իսկ մնացածը՝ վերարտահանումներն են։
Այսպիսով, եթե վերարտահանումները բացառվեն, ՀՀ–ից արտահանման ծավալը կնվազի 4 մլրդ դոլարով։ 2026 թվականի առաջին եռամսյակում ևս ՀՀ–ից արտահանումների գերակշիռ մասը կազմել է վերարտահանվող կենցաղային տեխնիկան։ Դրա արդյունքում վերարտահանումներով զբաղվող «Մոբայլ սենթըր» ընկերությունը դարձել է ՀՀ ամենախոշոր հարկատուն։
Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել նաև այն, որ Եվրոպա արտահանվող ապրանքների 80 %-ն սև և գունավոր մետաղներն ու հանքաքարն են, որոնց վրա «Made in Armenia» գրություն չկա։ Դրանք միշտ գնորդ ունենալու են, անկախ Հայաստանի ԵՄ անդամ լինելուց կամ ոչ։ Իսկ ռուսական շուկա ՀՀ–ից արտահանվող ապրանքների 90 %-ը գյուղատնտեսական արտադրանքն է, դեղագործական ապրանքները և պլաստիկի զգալի հատվածը, որոնց մեծ մասի համար ԵՄ շուկան ներկա պահին պարզապես փակ է։