Պետականության անվտանգությունը՝ ոչ թե բառախաղ, այլ ազգային գոյության հարց

Մինչև որ Երևանը պաշտոնական մակարդակով քննարկում է իր դիվանագիտական ձեռքբերումները, տարածաշրջանային իրականությունը մնում է անփոփոխ՝ սառնասիրտ և դաժան։ Բաքուն այսօր զբաղված չէ բառախաղերով, այլ եվրոպական գործընկերների հետ համատեղ ռազմական գործարանների հիմնմամբ։ Այս անհամաչափությունը պետք է լինի մեր տեսողության կենտրոնում։

Դիվանագիտությունը իր ուժը ստանում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքում կանգնած է ամուր պաշտպանական համակարգ և ազգային միասնական կամք։ Երբ իշխանությունները «խաղաղության դարաշրջանը» ներկայացնում են որպես վերջնական հաղթանակ, հակառակորդը դա ընկալում է որպես հարմար դադար՝ զորացրվելու և հաջորդ հարվածը հասցնելու համար։ Դրա մասին են վկայում նաև նրանց հաճախակի անցկացվող զորավարժությունները։

Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ մենք պետք է հասկանանք, որ պետության ղեկը չի կարող վստահվել նրանց, ովքեր դիվանագիտական պատրանքները շփոթում են ռազմաքաղաքական իրականության հետ, իսկ իրավունքի գերակայությունը՝ կամայականության հետ։ Մեզ մատուցվող «խաղաղությունը» իր անհուսալիությամբ նույնիսկ Խրիմյան Հայրիկի հայտնի «թղթե շերեփի» հետ չի համեմատվում։ Դա ուղղակի ծաղր է մի ամբողջ ժողովրդի հանդեպ, որը համամարդկային պատմության զարգացման յուրաքանչյուր փուլում իր զգալի ներդրումն է ունեցել։

Հայ ազգը պետք է ունենա իրեն արժանի հզոր պետականություն, որտեղ Եկեղեցու հոգևոր զրահը և բանակի ռազմական ուժը կազմում են մեկ անքակտելի ամբողջություն։ Միայն այս ներդաշնակությամբ է հնարավոր կանխել այն մշակութային և ֆիզիկական ցեղասպանությունը, որը դեռևս սպառնում է հային։

Ընդդիմադիր ուժերը պետք է հանրությանը ներկայացնեն պետականության իրավական և հոգևոր անվտանգության նոր հայեցակարգ, եթե այդպիսին կա նրանց նախընտրական ծրագրերում։ Պետք չէ քաղաքական պայքարը վերածել «Ուրախների ու հնարամիտների ակումբի» մրցույթի։ Պետք է դնել մի կողմ քաղաքական բամբասանքներն ու ճղճիմ հակադարձումները։

Ինչպես հայտնի է, պետականության իրավական անվտանգությունը սկսվում է այնտեղ, որտեղ հարգվում են ազգային ինստիտուտների ինքնավարությունն ու սահմանադրական այն արժեքները, որոնց հիմքում ընկած է մեր ինքնությունը։ Երբ օրենքն օգտագործվում է ոչ թե արդարադատության, այլ Եկեղեցուն թիրախավորելու և ազգային դիմադրողականությունը կոտրելու համար, ապա անխուսափելիորեն խարխլվում է պետության իրավական հիմքը։

Սակայն ամեն ինչից առավել Ազգային Պետության մեջ հայ մարդը պետք է հարգվի, Պետության քաղաքացին պետք է հարգվի, այլ ոչ թե մի կտոր խորովածով մարդկանց ինքնությունը ծաղրեն ու փորձեն նրանց մտքերից պատմական հիշողությունը ջնջել։