Հայաստանում սոցիալական անարդարության խնդիրը, երբ հազարավոր ընտանիքներ պայքարում են գոյատևելու համար, իսկ իշխանության «արտոնյալ» շրջանակը պետական բյուջեից ստանում է միլիոնների հասնող պարգևավճարներ, ոչ թե առանձին դեպք է, այլ պետական մտածողության լուրջ ճգնաժամի ախտանիշ։
Ինքս՝ որպես նախկին պետական պաշտոնյա, համոզված եմ, որ նման քաղաքականությունը ոչ միայն անարդար է, այլև վտանգավոր պետության ապագայի համար։ Երբ հասարակության մեծ մասը համոզված է, որ իշխանությունը գործում է ոչ թե հանրային շահի, այլ՝ «յուրայինների» սպասարկման, ապա պետության կայունությունը վտանգված է։
Այս իրավիճակը ստեղծում է խոր հիասթափություն և օտարում քաղաքացիներին պետությունից։ Թանկացումների, ցածր աշխատավարձերի, սոցիալական անապահովության և անարդար հնարավորությունների ֆոնին, երբ բարձրաստիճան պաշտոնյաները միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստանում, ձևավորվում է խորը վստահության կորուստ։
Արտագաղթը սկսվում է ոչ միայն տնտեսական դժվարությունների, այլև անարդարության զգացումից։ Երբ պետական ծառայողը համոզվում է, որ այս երկրում գնահատվում են ոչ թե աշխատանքն ու մասնագիտական կարողությունը, այլ՝ քաղաքական հավատարմությունը, նա կորցնում է սեփական ապագայի հանդեպ վստահությունը։
Այսօր իշխանությունները խոսում են «բոլորի Հայաստանից», սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Միլիոնների հասնող պարգևավճարները բաժին են հասնում նեղ շրջանակի՝ քաղաքականապես «վստահելի» պաշտոնյաներին, մինչդեռ պետական համակարգի հազարավոր պրոֆեսիոնալներ՝ ուսուցիչներ, բժիշկներ, համայնքային և պետական ծառայողներ, շարունակում են գոյատևել համեստ աշխատավարձերով։ Սա սոցիալական արդարության կոպիտ խախտում է։
Ինչպես իրավացիորեն նշել է Գագիկ Ծառուկյանը, խնդիրը պարգևավճարների գոյությունը չէ։ Խնդիրը դրանց բաշխման անարդար, փակ և քաղաքականացված համակարգն է։ Չեն կարող նույն համակարգում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ստանալ միլիոնավոր դրամներ, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ՝ չնչին հավելավճարներ կամ ընդհանրապես ոչինչ։
Մեր քաղաքական թիմը համոզված է, որ պետությունը չի կարող բաժանվել «արտոնյալների» և «մնացածների»։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իշխանության գալու պարագայում երաշխավորում է, որ պետական և քաղաքացիական ծառայողները չեն ենթարկվելու քաղաքական ճնշումների, չեն զրկվելու աշխատանքից իրենց հայացքների համար և չեն հարկադրվելու սպասարկել որևէ քաղաքական օրակարգ։
Պարգևավճարների համակարգը պետք է գործի բացառապես օրենքով սահմանված հստակ չափորոշիչներով՝ հիմնված սոցիալական արդարության, որակյալ աշխատանքի արժանի խրախուսման և մասնագիտական առաջխաղացման սկզբունքների վրա։
Պետք է տարանջատել պետությունն իշխանությունից։ Պետությունը պետք է գնահատի իր ծառայողի աշխատանքը, ոչ թե քաղաքական հավատարմությունը։ Պետական բյուջեն պետք է ծառայի հանրությանը, ոչ թե նեղ խմբերի արտոնություններին։ Պետությունը պետք է ստեղծի աշխատանքային առողջ հարաբերություններ և առողջ մթնոլորտ՝ վախից և քաղաքական պարտադրանքից ազատ։ Այդպիսի երկիրն է կայուն, այդպիսի երկրում ուզում են մնալ և ստեղծել, այդպիսի երկիրն ունի ապագա։