Վանաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ Հայաստանում իշխող կուսակցությունը, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, իրականում պատերազմի կուսակցություն է։
«Մենք երկար տարիներ ասում ենք, որ Հայաստանում չկա պատերազմի կամ խաղաղության բանավեճ, քանի որ երկրորդ կողմը՝ պատերազմի կողմը՝ բացակայում է։ Սակայն ես վերջերս հասկացա, որ մենք սխալ ենք ասում։ Հայաստանում իսկապես կա պատերազմի կուսակցություն, և այդ կուսակցությունը իշխողն է։ Այդ պատերազմի կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն է։ Իրենք ասում են, թե Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Եթե պատերազմ է որևէ մեկը մեր վրա բերում, ապա այս տեսակի հայտարարություններն են դա անում։ Նիկոլ Փաշինյանից բացի Հայաստանում պատերազմի առիթ տվող մեկ էլ չկա։ Եթե կա եռագլուխ դև, որը պատերազմ է բերում, ապա դա Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-Էրդողան եռագլուխ դևն է», – նշեց նա։
Քրիստինե Վարդանյանը նաև անդրադարձավ հունիսի 7-ին տեղի ունեցող ընտրություններին՝ ընդգծելով, որ ժողովուրդը պետք է ընտրի բանակցողի, ով կկարողանա ներկայացնել երկիրը միջազգային բանակցություններում։ «Մենք ընտրում ենք մարդու, ով պիտի ներկայացնի մեզ բոլորիս, և պարզ հարց պիտի տանք՝ ով կարող է դա անել։ Ով կարող է մեր անունից այնպես բանակցել, որ իմանանք միջազգային հանդիպում կա, և մենք չամաչենք միայն այն փաստից, թե ով մեր անունից պիտի գնա բանակցի։ Ով կարող է դիմակայել Ալիևի, Էրդողանի և գերտերությունների ղեկավարների առաջ։ Ով կարող է մեր անունից պաշտպանել մեր շահերը», – ասաց նա՝ հավելելով, որ իրենց թիմի վարչապետի թեկնածուն արդեն իսկ ցուցադրել է այդ կարողությունը։
Վարդանյանը քննադատեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի վարքագիծը՝ նշելով, որ այն չի համապատասխանում բացարձակ մեծամասնություն ունեցող ուժի կամ ինքնավստահ ուժի վարքագծին։ «Իրենք սեփական ժողովրդին պատերազմով չեն սպառնում, սա ինքնավստահ ուժի վարքագիծ չէ», – եզրափակեց նա։