Այսօր, ապրիլի 24-ին, աշխարհի տարբեր անկյուններում հայերը հավաքվում են՝ հարգանքի տուրք մատուցելու համար 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ։ Տարիներ շարունակ հայաստանցիներն ու սփյուռքահայերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելում՝ անմար կրակի մոտ խոնարհելու ծաղիկներ և հիշատակելու իրենց նախնիների ողջամիտ մահը։
Չնայած Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից հայտարարված քաղաքականությանը, որի համաձայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի համարվում արտաքին քաղաքականության առաջնահերթություն, սփյուռքահայ հազարավոր գործիչներ շարունակում են բարձրաձայնել այս հարցը միջազգային տարբեր կառույցներում։
Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը նշում է, որ ապրիլի 23-ի ջահերով երթի ժամանակ մարդիկ տանում էին նաև օտարերկրյա պետությունների դրոշներ՝ Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների, որոնք տարբեր տարիների ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նորություն չէ, պարզապես ՀՀ ներկայիս իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կանոնավորելու համար հրաժարվում է այդ հարցից։ Մենք ժամանակին մեծ ճնշումներ էինք գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի ոչ միայն ճանաչի ցեղասպանությունը, այլև փոխհատուցի, որովհետև միայն ճանաչելը քիչ է»,- ասում է Ա. Վիրաբյանը։ Նա համեմատություն է անում հրեաների հետ, որոնք պետական մակարդակով իրենց միջազգային քաղաքականության մեջ ներառում են Հոլոքոստի փաստը։
Վիրաբյանը շեշտում է, որ հայ ազգը պետք է հասկանա, որ Հայաստանում ապրող հայերի թիվը մի քանի անգամ ավելի քիչ է, քան սփյուռքում, և որ սփյուռքը պահվում ու պահպանվում է ազգային արժեքների և հիշողության շնորհիվ։
«Եթե ազգային հիշողությունը մոռացվեց՝ կվերանա նաև հայոց սփյուռքը։ Ցեղասպանությունը նրանց համար իրենց նախնիների, պապերի, ծնողների՝ ոչ միայն հիշատակի, այլև նրանց կյանքի իմաստն է։ Այս ամենը եթե չեղավ, չի լինելու նաև սփյուռքը։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է մտածել հայոց սփյուռքի պահպանության համար, հակառակ դեպքում իշխանությունների այս քայլերը բերելու են նրան, որ սփյուռքը դադարելու է գոյություն ունենալ»,- հավելում է նա։
Ամատունի Վիրաբյանը նաև նշում է, որ այսօր սփյուռքի գոյության վտանգը մեծ է, քանի որ իշխանությունները, որոնց համար սփյուռքը կարևոր չէ, սփյուռքի մի շարք կարկառուն գործիչների մուտքն են արգելել Հայաստան։ Նրա խոսքով՝ իշխանությունները ձգտում են հասնել Ցեղասպանության փաստի մոռացմանը, ինչը նրա կարծիքով, տխուր է։