Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական ընթրիքի ընթացքում, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում, բարձր գնահատել է Ֆրանսիայի առաջնորդի դերը Հայաստանի զարգացման ընթացքում՝ այն որակելով որպես «շրջադարձային»։
Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և այս հարաբերությունները կամրապնդվեն՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունմամբ, որը նախատեսվում է որպես այցի կարևոր արդյունք։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ներկայում անցում է կատարել գոյատևման օրակարգից դեպի զարգացմանը, և այդ նոր ռազմավարության ձևավորման առանցքային հանգրվանը եղել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումը։ Նրա խոսքով՝ այդ հանդիպման ընթացքում Մակրոնը դրսևորել է բացառիկ վճռականություն և սկզբունքայնություն, որը, վարչապետի խոսքով, «չի կարելի կարդալ ոչ մի գրքում»։
Փաշինյանը շեշտել է, որ Մակրոնի աջակցությունը Հայաստանին եղել է ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև անձնական մակարդակում՝ ընդգրկելով անվտանգությունը, ինքնիշխանությունն ու պետականության ամրապնդումը։ Նա նաև հավելել է, որ իր պաշտոնավարման ընթացքում չի հիշում դեպք, երբ Հայաստանի պետական շահերին վերաբերող հարցերում Մակրոնի արձագանքը չլինի արագ, կոնկրետ և գործնական։
Վարչապետը նշել է, որ Հայաստանի կողմից Ֆրանսիայի նախագահին շնորհված բարձրագույն պարգևը իրականում արտահայտում է գնահատանք այն շրջադարձային ծառայության համար, որը Մակրոնը մատուցել է Հայաստանին։
Ավարտելով իր խոսքը, Նիկոլ Փաշինյանը առաջարկել է բաժակ բարձրացնել Ֆրանսիայի նախագահի՝ Էմանուել Մակրոնի, համար՝ նրան անվանելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մեծ բարեկամ, եղբայր և հարազատ։