Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին՝ իր ճակատագիրն ընտրելու հարցում։
Այս մասին նա հայտնել է իր X սոցիալական ցանցի էջում՝ նշելով, որ ԵՄ-ի և Հայաստանի առաջին գագաթնաժողովը դիվանագիտական առումով կարևոր իրադարձություն է։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Երևանում ԵՄ-ի պատվիրակությանը հյուրընկալելու համար։
Կալասը նաև ընդգծել է, որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ-ի հարաբերությունների հենասյունն է։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովի ընթացքում կողմերը ավելի սերտ կապեր են հաստատել առևտրի, էներգետիկայի և թվայնացման ոլորտներում։
ԵՄ-ի ներկայացուցչի հայտարարության հիմնական կետերից մեկը ԵՄ-ի նոր առաքելության մասին է, որի նպատակն է աջակցել Հայաստանին արտաքին միջամտությանը հակազդելու և երկրի դիմակայունությունը ամրապնդելու գործում։ Այս առաքելությունը, ըստ Կալասի, ուղղակիորեն կապված է հայ ժողովրդի իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի պաշտպանության հետ։