Հայաստանը մայիսի 4-ին և 5-ին հյուրընկալում է միջազգային նշանակության երկու խոշոր քաղաքական իրադարձություն՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովը։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով
Երևանում տեղի ունեցող ԵՔՀ գագաթնաժողովը, որի կարգախոսն է «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում», հավաքել է 47 բարձրաստիճան պատվիրակություն՝ պետությունների և միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով (ներառյալ Հայաստանը)։ Գագաթնաժողովին մասնակցում են գրեթե բոլոր եվրոպական երկրները, ինչպես նաև Ուկրաինան՝ իր նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, և Թուրքիան՝ փոխնախագահ Ջավիդ Յըլմազի գլխավորությամբ։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է Հայաստան։
Գագաթնաժողովին ներկա է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի նախաձեռնությամբ 2022 թվականին տեղի ունեցավ ԵՔՀ առաջին հանդիպումը։ Որպես հատուկ հյուր հավաքին մասնակցում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, ինչը առաջին անգամ է, երբ ոչ եվրոպական երկիր է ներկայացված ԵՔՀ հանդիպմանը։
Գագաթնաժողովի շրջանակում քննարկվելու են ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումը, տնտեսական և էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև տրանսպորտային կապերի զարգացումը։
Հայաստան-ԵՄ գագաթնաժողով
Հայկական կողմից բանակցություններն իրականացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԵՄ-ն ներկայացնում են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Գագաթնաժողովի ավարտին կհրապարակվի համատեղ հայտարարություն, և տեղի կունենա մի շարք ստորագրված փաստաթղթերի փոխանակում, որոնք կարևոր են ԵՄ–Հայաստան գործընկերության խորացման համար։
Հայաստան-ԵՄ հարաբերությունները հիմնված են ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա, որի առաջնահերթությունները սահմանված են ԵՄ–Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգում։ Այս համաձայնագիրը, որը գործում է 2021 թվականից, նախատեսում է Հայաստանի կողմից համապարփակ բարեփոխումների իրականացում՝ հիմնված ժողովրդավարության, թափանցիկության և օրենքի գերակայության սկզբունքների վրա։
ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ դոնորն է և անկախացումից ի վեր զգալի աջակցություն է տրամադրել։ 2024-2027 թվականների համար նախատեսված դիմակայունության և աճի ծրագիրը, որի արժեքը կազմում է 270 միլիոն եվրո, նպատակ ունի խթանել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգը և զարգացնել տարածաշրջանային կապակցվածությունը։
Գագաթնաժողովին ընդառաջ, Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ այս իրադարձությունը ցույց է տալիս Հայաստան-ԵՄ հարաբերությունների աննախադեպ մակարդակը և հիմնված է ընդհանուր արժեքների վրա։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ը Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր՝ պատվիրակությունների տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։