ԱԺ նախագահը չի ափսոսում Բելառուսի մասին հայտարարությունները

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի ափսոսում Բելառուսի կառավարման օրինակը մերժող իր վերջին հայտարարության համար, որը հանգեցրեց Մինսկի կողմից Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի կանչի և բողոքի նոտայի փոխանցմանը։

«Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը կախվածության մեջ քաղաքական չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը՝ քաղաքական և մնացած բոլոր առումներով, բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է», – նշել է ԱԺ նախագահը։

Խորհրդարանի խոսնակը հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Բելառուսի կողմից արձագանքը նրա հայտարարությանը ավելի չի բարդացնի երկու երկրների հարաբերությունները, նշել է, որ Հայաստանը չի պետք, որ իր շահերը պաշտպանելու համար միշտ նայի և տեսնի, թե Ռուսաստանը հանկարծ չնեղսրտի։

Սիմոնյանը նաև հակադարձել է Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ իր հայտարարությունը «նախընտրական պոպուլիզմ» անվանելու մեղադրանքին՝ նշելով, որ իրավիճակը այնքան էլ ծանր չէ, որպեսզի նման վարժանքներ անեն։ «Ուրիշ մաթեմատիկա է գործում, և ի՞նչ ներքին ճգնաժամ, մի համերգից մյուս համերգ ենք գնում, մի մարդուն դիմավորելուց մյուս մարդուն դիմավորելու ենք գնում, մի պետության հետ, մյուս պետության հետ փաստաթուղթ ստորագրելու ենք գնում», – ասել է նա։

ԱԺ նախագահը նաև հիշեցրել է անցյալի իրավիճակները, երբ, իր խոսքով, Հայաստանը եղել է «ծնկած»՝ իշխանության փոխանցման և պետականության կայացման հարցում կախված լինելով ռուսաստանյան որոշ շրջանակներից։ Նա նշել է, որ 2018 թվականից, և հատկապես 2020 թվականից հետո, Հայաստանը փոխել է այդ «բալանսը»։

Այս հարցումը բացվել էր այն պահին, երբ խոսքը դարձել էր Երևանում Մոսկվայի հասցեին եվրոպական լիդերների քննադատության մասին։ Հիշեցնենք, որ երկու տարի առաջ դեսպանների փոխադարձ հետկանչից հետո սա հայ-բելառուսական հերթական լարվածությունն է։ Երկու երկրներում էլ գործում են դեսպանների փոխարեն գործերի ժամանակավոր հավատարմատարներ։